Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաք։
Հանրահավաքին ելույթ են ունեցել քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ և բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների հարազատներ։ Մասնակիցները երթեր էին կազմակերպել երեք վայրերից՝ Հավլաբարի մետրոյի կայարանից, Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքից և Օրբելիանիի հրապարակից։ Այնտեղից շարասյուները շարժվել են դեպի Ազատության հրապարակ։ Մասնակիցները կրել են Վրաստանի և ԵՄ դրոշներ, ինչպես նաև տարբեր բողոքի կարգախոսներով պաստառներ։
2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկիրը դադարեցնում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը։ Դրան հաջորդել էին բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ ձերբակալվել էին։
Շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցին զուգահեռ, Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իշխանությունները պահպանում են իրենց հանձնառությունը երկրի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցում՝ ընդգծելով, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը չի նշանակում եվրոպական ուղուց հրաժարում: Նա նշել է, որ Թբիլիսին ակնկալում է, որ մինչև Վրաստանի՝ ԵՄ-ին միանալը, ԵՄ մոտեցումը կփոխվի, և կվերականգնվեն այն ավանդական արժեքները, որոնց վրա կառուցվել է Եվրոպան մոտ 70 տարի: Կոբախիձեն նաև նշել է, որ իշխանությունների նախընտրական խոստումը՝ արժանապատվորեն, բարգավաճմամբ և ազատությամբ շարժվել դեպի Եվրոպա, մնում է ուժի մեջ։
«Յուրաքանչյուր ոք, ով ճիշտ է կարդացել և հասկացել է 2024 թվականի նոյեմբերի 28-ի հայտարարությունը, կարող է հստակ տեսնել, որ այն ոչ մի կերպ չի նշանակում շեղում եվրոպական ուղուց՝ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ անուղղակիորեն: Մենք պարզապես դադարեցրինք եվրոպական բյուրոկրատիայի շանտաժը, դրանով իսկ հանգստացնելով մեր երկիրը», – հայտարարել է երկրի վարչապետը:






















