ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել, իրավունք ունի արդյոք բանկը կամ վարկային կազմակերպությունը սահմանել տուգանք այն դեպքում, երբ վարկը մարվել է վաղաժամկետ, իր ժամկետից շուտ:

Ֆելիքս Եփրեմյան (39 տարեկան, ատամնաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վաղաժամկետ մարման համար տուգանքի կիրառում չի թույլատրվում միայն այն դեպքերում, երբ վարկը տրամադրվել է սպառողական նպատակով: Սակայն եթե վարկային պայմանագիրը կնքվել է 2009 թվականի հունվարի 24-ից հետո, երբ ուժի մեջ է մտել «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ապա այո կարող է: Մյուս բոլոր դեպքերում (ավելի վաղ կնքած պայմանագրեր, հիփոթեքային/անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրեր, բիզնես վարկեր) ՀՀ օրենսդրությամբ տուգանքի կիրառումը չի արգելվում:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, մեր օրերում քիչ չեն հանդիպում նման քաղաքացիներ, ովքեր խաբվում են թե՛ բանկերի, թե՛ տարբեր վարկային կազմակերպությունների կողմից: Մնում է նման դեպքերում զգոն լինել եւ յուրաքանչյուր փաստաթուղթ՝ առավելեւս պայմանագիր ստորագրելուց առաջ մանրամասն տեղեկանալ վերջինիս դրույթներին:

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞վ կարող է ձեռք բերել անհատույց կարգով հողատարածք ստանալու իրավունք:

Նվարդ Սիրադեղյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝
1. Պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են գյուղատնտեսական գործունեության համար եւ որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար՝
1) սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, երկրաշարժից տուժած եւ լքված բնակավայրերում այն ընտանիքներին, որոնք նախկինում չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, չեն ստացել տնամերձ կամ բնակելի տան շինարարության եւ դրա սպասարկման համար հողամասեր,
2) ՀՀ-ում բնակվող այն ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված բնակավայրերում,
3) ՀՀ կառավարության որոշմամբ վերաբնակեցվածներին,
4) հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում բնակվող՝ զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված անձանց, չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել տնամերձ կամ բնակելի տան շինարարության եւ դրա սպասարկման համար հողամաս,
5) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող այն բռնադատվածներին, ովքեր չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել տնամերձ կամ բնակելի տան շինարարության եւ դրա սպասարկման համար չծանրաբեռնված հողամաս այն բնակավայրերում, որտեղ նրանք բնակվել են բռնադատման պահին:
Հողամասերն անհատույց տրամադրվում են պետության սեփականություն հանդիսացող հողամասերից, իսկ պետության սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում՝ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերից:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս օրենքը պարզ ներկայացված է, մնում է ավելացնել, որ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասեր օգտագործողները, պետական կառավարման ու ՏԻՄ-երի համաձայնությամբ կարող են հողամասերը հանձնել վարձակալության, ինչպես նաեւ կամովին հրաժարվել դրանցից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ մանրամասն տեղեկանալ, թե ո՞րն է համարվում հողերի հարկման օբյեկտ եւ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կարգով են գնահատվում հողերը հարկման նպատակով:

Աշոտ Բադալյան (40 տարեկան, ճարտարապետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է համարվում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է համարվում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Հողի հարկով հարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանվել են.
ա) կադաստրային արժեքներ քաղաքների եւ քաղաքատիպ ավանների ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի N 462 որոշմամբ.
բ) տնամերձ եւ գյուղատնտեսական նշանակության հողերի զուտ եկամուտներ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշմամբ.
գ) Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում եւ համայնքների վարչական սահմաններից դուրս հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված եւ անօգտագործելի հողերի կադաստրային արժեքներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1101-Ն որոշմամբ:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի՝ 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չվճարված գույքահարկից եւ հողի հարկից, ինչպես նաեւ այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերից եւ տուգանքներից:




Լրահոս