ՄՏԱՀՈԳ ԵՆ
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն է հայտնում, որ իշխող վարչախումբն իր անպատասխանատու քայլերով մարտի 1-ի կրկնության հնարավորություն է ստեղծում: «Ինչպե՞ս կարելի է հավատալ իշխանությունների կողմից առաջ քաշվող պնդումներին` կուսակցությունների ազատ մրցակցային հնարավորությունների մասին, երբ ընտրություններից ամիսներ առաջ կոալիցիոն կուսակցությունները, շրջանցելով օրենքները, «բարեգործությունների» անվան տակ ընտրակաշառքներ են բաժանում, իսկ արդեն ընտրության նախաշեմին` իրենց գործելաոճին համապատասխան, առգրավում են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակը»,-ասված է հայտարարությունում:
ԱՌԱՋ ԱՆՑԱՎ
Էդուարդո Էռնեկյանի գլխավորած արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա»-ն փետրվարի 6-ին շահել է Բրազիլիայի 3 մասնավոր օդանավակայաններից մեկի հետ պայմանագիր կնքելու իրավունք: Այդպիսով «Կորպորասիոն Ամերիկա»-ն առաջ է անցել իր մրցակիցներից: Նշենք, որ 2014-ին անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ` հսկայական հետաքրքրություն կա Բրազիլիայի օդանավակայանների կառավարման իրավունքի նկատմամբ:
ԻՆՔՆ Է ԽԱԽՏՈՒՄ
Երեկ ԱԺ-ն քննարկել է ԱԺ կանոնակարգի փոփոխությունների նախագիծը, որով նաեւ առաջարկվում է ուրիշների փոխարեն քվեարկող պատգամավորների հարցը մտցնել էթիկայի հանձնաժողովի օրակարգ: Այդ կապակցությամբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտարարել է. «ԱԺ կանոնակարգ օրենքի հեղինակներից մեկի անուն-ազգանունը (Դավիթ Հարությունյան, Վարդան Բոստանջյան, Հեղինե Բիշարյան) այլ պատգամավորների փոխարեն գրանցվողների մեջ է»: Բախշյանը նաեւ շեշտել է, որ նախօրեին 64 պատգամավոր 74-ի փոխարեն էր քվեարկում:
ՊԵՏՐՈՍԸ` ԱԺ-ՈՒՄ
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը հաստատել է այն լուրը, որ ինքը պատրաստվում է ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվել եւ դառնալ պատգամավոր:
ՄԻԱՅՆ ՀԱՅԱՏԱՌ
Facebook-ի օգտատերերից Զոհրապ Եգանյանն առաջարկել էր փետրվարի 7-ը դարձնել սոցիալական ցանցում հայատառ գրելու օր` այդ կերպ փորձելով պայքարել լատինատառ գրելու դեմ, քանի որ գնալով անտեսվում է մայրենի լեզուն: Հավանության արժանացած այս գաղափարը լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցում: Գաղափարի կողմնակիցներից գրող, թարգմանիչ Վաչագան Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ 1922 թվականին բոլշեւիկներին չհաջողվեց մեզ լատինատառ գրել տալ, իսկ տեխնիկան այժմ մեզ թելադրող է դարձել. «Նույնիսկ Մայր Աթոռն է Սուրբ Ծնունդը կամ մյուս տոները շնորհավորում լատինատառ: Մինչդեռ եկեղեցին իրավունք չունի նման բան անել: Ի վերջո, մեր հայ եկեղեցու սուրբը` Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել մեր տառերը: Ես դա համարում եմ սրբապղծություն բառի բուն իմաստով»:
ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Փետրվարի 8-ին նախատեսված ՀԱԿ նիստը հետաձգվել է անհայտ պատճառով: Առայժմ հայտնի չէ նաեւ, թե այն երբ կկայանա:
ԴԵՊԻ ԲՀԿ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Աբրահամյաններն Արարատի մարզում իրենց դիրքերն ամրապնդելու համար հակված են ամբողջ «խաղադրույքը» դնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա` ակնկալիքով, որ Ջոնիկ Աբրահամյանը պատգամավոր դառնա ԲՀԿ-ի միջոցով: