Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախորդ կառավարությունը տապալել է բոլոր ցուցանիշները: Նրա խոսքով, հիմա պետք է քննարկեին Տիգրան Սարգսյանի կառավարության պատասխանատվության հարցը, այլ ոչ թե բյուջեն:
Զոհրաբյանն ընդգծեց, որ ևս երկու վարկային պայմանագիր ընդունվել է, ինչը նշանակում է, որ ավելացել է ՀՀ-ի արտաքին պարտքը: «Ինչպես է լինում, որ մեր արտաքին պարտքն աճում է, բայց մենք բոլոր ցուցանիշներով հետընթաց ունենք՝ աղքատություն, արտագաղթ, գործազրկություն. բոլորն աճում են»,-նշեց նա:
Զոհրաբյանի խոսքով, արտաքին պարտքի ավելացումը պետք է ուղղված լինի կենսական պայմանների բարելավմանը, սակայն նա արձանագրեց, որ բոլոր կենսական ապահովման ոլորտներում հետընթաց կա:
Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն էլ արձագանքեց, որ դա, բնականաբար, մտահոգիչ է, սակայն պետք է հասկանալ, որ արտաքին պարտքը զուտ գործարք է: «Մեր երկիրը շարունակում է մնալ նվազ պարտք ունեցող երկիր, ծանր բեռ ունեցող երկիր չէ»,-հավելեց Ջանջուղազյանը: