«Ինչպե՞ս է լինում, որ տնտեսական աճը մոտ 2 անգամ դանդաղում է, իսկ հարկային մուտքներն՝ ավելանում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը երեք հարց ուղղեց Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին: Մելքումյանն ընդգծեց, որ  նախորդ տարի 6.2 % ծրագրված տնտեսական աճի փոխարեն ունեցանք 3.5 %, ապա հետաքրքրվեց. «Էդ ինչպե՞ս է լինում, որ տնտեսական աճը մոտ երկու անգամ դանդաղում է, իսկ հարկային մուտքներն ավելանում են»:

Մելքումյանն ընդգծեց, որ դա կարող է լինել գնաճի հաշվին, հարկային բեռի ավելացման և ստվերային տնտեսության կրճատման հաշվին: «Գոնե համամասնությունները բացատրեք. որն ինչ կշիռ ունի և միտումները»,- ասաց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև հաշվետու տարում ներդրումներ – ՀՆԱ հարաբերակցությանը և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցին: Մելքումյանը նշեց, թե սակագնի բարձրացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունն ընկալել են, որ 3.8 դրամով, այսինքն` 10 % թանկանում է էլեկտրաէներգիան:

Ջանջուղազյանն էլ նշեց, թե ենթադրում է, որ պատգամավորը պարզապես պատահաբար առաջին հարցի մեջ բաց թողեց «մի նրբություն»: «Դուք նշեցիք իրական աճերը, իսկ հարկային եկամուտներն առաջանում են ՀՆԱ անվանական մեծությամբ պայմանավորված: Այո, եղել է որոշակի աճ, որը եղել է ավելի ցածր, քան նախատեսված է: Սակայն, նույնիսկ այդ պայմաններում հնարավոր է եղել ունենալ այնպիսի կատարողական, որը ձեզ ներկայացվեց»,- նշեց նա:

Ջանջուղազյանը նաև հավելեց, որ կային մի քանի գործոններ, որոնք կարող էին կանխորոշել այդ աճը` տնտեսության ակտիվության գործոնը, հարկային օրենսդրության և վարչարարության փոփոխությունները:




Լրահոս