«Կանազի գործով» ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արայիկ Նալբանդյանի նախագահությամբ շարունակվում է «Կանազ» զինհոսպիտալում տեղի ունեցած միջադեպի մասով դատական նիստի քննությունը:

Հիշեցնենք, որ գործով դատական նախորդ երկու նիստերը հետաձգվել էին պաշտպան Մարինե Թովմասյանի բացակայության պատճառով:

Նիստի մեկնարկին ներկայացան ամբաստանյալներ Ռազմիկ Մանուկյանը, Դավիթ Մարկոսյանն ու Արշակ Թորոսյանն ու Գարեգին Դանիելյանը:

Դավիթ Մանուկյանը հայտնեց, որ նախկինում դատված է եղել 258 հոդվածի 1-ին մասով: Նրա փոխանցմամբ, ինքն այս պահին դեղեր է ընդունում շիզոֆրենիայի դեմ:

Ամբաստանյալ Գարեգին Դանիելյանը հայտնեց, որ ամուսնացած է, ունի մեկ մանկահասակ երեխա: Այա պահին ՀՀ ՊՆ N զորամասում շարքային զինծառայող է:

Դանիելյանի պաշտպան Գարիկ Մալխասյանը հարցին, թե ինքը որտեղ է բնակվում և ում հետ, ամբաստանյալը պատասխանեց, որ մինչ ծառայության գնալը ծնողների, իսկ ծառայությունից հետո` կնոջ և երեխայի հետ:

Տեղեկացնենք, որ սույն գործով ներկայացել է նաև ՊՆ ՀՔԾ գլխավոր մասնագետը, ով ներկայացնելու է տուժողի ներկայացուցչի շահերը:

Ամբաստանյալ Արշակ Թորոսյանը, ներկայանալով դատարանին, հայտնեց, որ չգիտի զորամասի համարը, որտեղ ծառայել է:

Բոլոր չորս ամբաստանյալներն էլ տեղեկացրին դատարանին, որ չեն ընթերցել հուշաթերթիկը, որն ուղարկվել է իրենց, սակայն փաստաբանների միջոցով իրազեկվել են իրենց իրավունքների ու պարտականությունների մասին:

Մեղադրող կողմը ներկայացրեց դատարանին մեղադրական եզրակացությունը, որի համաձայն` Ռազմիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ստացիոնար բուժման մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի /հոսպիտալի/ հոգեբուժական բաժանմունքում, նույն բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշված բաժանմունքում բուժման մեջ գտնվող ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Արշակ Թորոսյանի և Դավիթ Մարկոսյանի հետ՝ մի խումբ անձանցով, բռնություն գործադրելու սպառնալիք են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողության անող զինվորական ծառայության և կոչումով իրենց նկատմամբ պետ, ՀՀ ՊՆ N զորամասի /հոսպիտալի/ հրամանատար, բ/ծ փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, բ/ծ մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն է գործադրել Ս.Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել է նրա շապիկը, ապա հնչեցրած սպառնալիքն առավել առարկայական դարձնելու նպատակով կողապահարանը, որպես զենք օգտագործելով, նետել են, համապատասխանաբար՝ Ռ.Մանուկյանը Ս.Օհանյանի ուղղությամբ, իսկ Ա.Թորոսյանը՝ Է.Բաբաջանյանի ուղղությամբ։ Այնուհետև, դուրս գալով հոգեբուժական բաժանմունքի մասնաշենքից, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ՝ մոտ 15 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Այսինքն` Ռազմիկ Մանուկյանը կատարել է հանցագործությունը, որը նախատեսվում է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 1-ին մասի և 358 հոդվածի 3 մասի 1,2 կետերի չափանիշներով:

Արշակ Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ստացիոնար բուժման մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի հոգեբուժական բաժանմունքում, նույն բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում, նշված բաժանմունքում բուժման մեջ գտնվող ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Ռազմիկ Մանուկյանի և Դավիթ Մարկոսյանի հետ՝ մի խումբ անձանցով, բռնություն գործադրելու սպառնալիք են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողության անող զինվորական ծառայության և կոչումով իրենց նկատմամբ պետ, ՀՀ ՊՆ N զորամասի /հոսպիտալի/ հրամանատար, բ/ծ փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, բ/ծ մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն է գործադրել Ս.Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել է նրա շապիկը, ապա հնչեցրած սպառնալիքն առավել առարկայական դարձնելու նպատակով կողապահարանները, որպես զենք օգտագործելով, նետել են, համապատասխանաբար՝ Ռ.Մանուկյանը Ս.Օհանյանի ուղղությամբ, իսկ Ա.Թորոսյանը՝ Է.Բաբաջանյանի ուղղությամբ։ Այսինքն` Արշակ Թորոսյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսվում են ՀՀ ՔՕ 358 հոդվածի 3 մասի 1,2 կետերի չափանիշներով:

Դավիթ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ստացիոնար բուժման մեջ գտնվելով ՀՀ ՊՆ Nզորամասի հոգեբուժական բաժանմունքում, նույն բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում, նշված բաժանմունքում բուժման մեջ գտնվող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ՝ Ռազմիկ Մանուկյանի և Արշակ Թորոսյանի միջև առաջացած կոնֆլիկտի ընթացքում, վերջիններիս հետ՝ մի խումբ անձանցով, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, այն է՝ բաժանմունքում կարգուկանոն հաստատելու պահանջ ներկայացնելու պատճառով բռնություն գործադրելու սպառնալիք են հնչեցրել իրենց դիտողության անող զինվորական ծառայության և կոչումով իրենց նկատմամբ պետ, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, բ/ծ փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, բ/ծ մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, միաժամանակ բռնություն գործադրելու դիտավորությամբ փորձել է բռունցքով հարվածել Ս.Օհանյանին՝ ինչն իր կամքից անկախ հանգամանքներով չի կատարվել։ Բացի այդ, բջջային հեռախոս պահանջելու հարցի շուրջ վիճաբանել է կոնսուլտացիայի նպատակով նույն բաժանմունք ներկայացված, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Դանիելյանի հետ և ձեռքով հարվածել նրան՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք։ Դավիթ Մանուկյանի կատարած հանցագործությունները նախատեսվում են ՀՀ ՔՕ 358 հոդվածի 3 մասի 1 կետով և 359 հոդվածի 1-ին մասով:

Գարեգին Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի ծանր զենքի դասակի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի հերթապահ մասի հանգստի սենյակում, կատարել է անդամախեղում։ Բացի այդ,իրենց բջջային հեռախոսն ուզելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում իրեն հայհոյելու և հարվածելու համար բռնություն գործադրելով՝ ոտքով մեկ անգամ հարվածել է ժամկետային զինծառայող Դավիթ Մարկոսյանի ոտքին՝ պատճառելով վերջինիս առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք։ Գարեգին Դանիելյանի կատարած հանցագործությունը նախատեսվում է ՀՀ ՔՕ 359 հոդվածի   1-ին մասով և 363 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալը խնդրեց դատարանին պարզաբանել  ՀՀ ՔՕ 363 հոդվածի 1-ին մասի չափանիշները: Մեղադրող կողմն իր պարզաբանման մեջ նշեց, որ զինվորական ծառայության պարտականությունները դադարեցնելուն ուղղված ցանկացած քայլ սահմանում է պատիժ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան չափանիշներով:
Գարեգին Դանիելյանն իր խոսքում նշեց, որ դատահոգեբուժական արձանագրությունում նշվել է, որ իրավիճակի հետ պայմանավորված մեղադրյալը հոգեկան խնդիրներ է ունեցել:

Պաշտպանը խնդրեց մեղադրող կողմին ավելի հասկանալի մեկնաբանել վերոնշյալ հոդվածը, ինչին ի պատասխան` մեղադրող կողմը հնչեցրեց նույն պարզաբանումը:

Գարեգին Դանիելյանի պաշտպանը հարց ուղղեց մյուս ամբաստանյալ Դավիթ Մարկոսյանին` նշելով, որ դեպքի օրը նա հեռախոսի շուրջ վիճաբանության ժամանակ հարվածել է իր պաշտպանյալին, սակայն սրա առթիվ հարուցված քրեական հոդվածի մեղադրանքը ամբաստանյալ Մարկոսյանը չի ընդունում: Պաշտպանը ցանկացավ իմանալ, թե ինչու՞ նա չի ընդունում իրեն մեղսագրվող այդ հոդվածը: Այս հարցադրմանը առարկեց Մարկոսյանի պաշտպան Մարինե Թովմասյանը:

Վերջինս միջնորդեց, որպեսզի ապացույցների հետազոտման կարգը լինի հետևյալ կարգով` ուսումնասիրվեն բոլոր փաստաթղթերը, լսվեն վկաների ցուցմունքները, վերջում` ամբաստանյալները, որի դեմ մյուս պաշտպանները չառարկեցին:

Դատարանը որոշեց ապացույցները հետազոտությունը կատարել հետևյալ հերթականությամբ` հարցաքնել տուժողներին, վկաներին, ուսումնասիրել առկա փաստաթղթերը, վերջում հարցաքննել մեղադրյալներին:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 25-ին:

Տաթև Հարությունյան




Լրահոս