«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը մտադիր է չստորագրել ու բյուջեում ֆինանսների բացակայության պատճառաբանությամբ ԱԺ վերադարձնել«ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը: Սակայն, «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո, տարօրինակ արագությամբ սկսեցին զարգանալ իրադարձությունները՝ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ դեռ ժամկետի ավարտին 9 օր կա, իսկ երեկոյան արդեն նախագահական նստավայրը հաղորդագրություն տարածեց, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է այդ օրենքը:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, Ս.Սարգսյանն այդ քայլին գնացել է ստիպված. բանն այն է, որ մի կողմից՝ անձամբ Աղվան Հովսեփյանն է անհանգստացել, մյուս կողմից՝ Ս.Սարգսյանին տեղեկություններ են հասել, որ քննիչները, ովքեր պետք է մտնեին Քննչական կոմիտեի կազմում, դժգոհ են ու պատրաստ անգամ բունտ անել: Բանն այն է, որ հիմա քննիչների աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն, իսկ կոմիտեի դեպքում նրանք ստանալու են բավականին բարձր աշխատավարձեր: Իրավիճակից դուրս գալու համար էլ ի վերջո, Սերժ Սարգսյանը գտել է փոխզիջումային տարբերակ՝ ստորագրել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը, բայց, այնուամենայնիվ, ֆինանսների բացակայության պատճառով դրա ստեղծումը հետաձգել: Այնպես որ, թեեւ օրենքը պաշտոնական հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում ուժի մեջ կմտնի, բայց Քննչական կոմիտեն կձեւավորվի ավելի ուշ, իսկ ավելի ճիշտ՝ անհայտ է, թե՝ երբ:
Թեմայի շարունակությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: