ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «Առեվտրի և ծառայությունների մասին» Հայաատանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծի համաձայն` Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սահմանային շերտում արգելվում է լիցենզիավորման ենթակա առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը:
Վերոնշյալ օրենքներում փոփոխություն անելու նպատակը մեկն է` առևտրի և ծառայությունների ոլորտի կարգավորում, մասնավորապես` պետական սահմանի պաշտպանության իմաստով` Հայաստանի Հանրապետության սահմանային շերտում գործունեության մասով:
ՀՀ սահմանի պաշտպանության ապահովման տեսանկյունից ելնելով` ռիսկային գործոններ է պարունակում Հայաստանի Հանրապետության սահմանային շերտում առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թույլատրումը: Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման գործընթացում դժվարություններ են առաջանում սահմանային շերտում կազմակերպվող շուկաներին պահանջների ներկայացման մասով, մասնավորապես` աշխատանքային ռեժիմի սահմանման և պահպանման, սահմանային անցակետերի ռիթմիկ աշխատանքի, ինչպես նաև ազգային անվտանգության պաշտպանության պահանջների ապահովման մասով:
Ինչպես ցույց է տալիս ՀՀ սահմանային շերտում ժամանակին գործունեություն իրականացրած և գործունեությունը դադարեցրած շուկաների փորձը (Բագրատաշեն և այլն) այդ տարածքներում առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը արդարացված չէ: