Իրանցիները եգիպտացորենի եւ ցանցերի արտադրություն կկազմակերպեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

Ողջունելով հյուրին, նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական համագործակցությանը, նշելով, որ, ցավոք, կողմերի միջև ստորագրված երկկողմ համագործակցության փաստաթղթերի պահանջների կատարման բնագավառում դեռևս մեծ են չօգտագործված հնարավորություններ, և որ ինքը լիահույս է պարոն դեսպանի աջակցությամբ հնարավորինս ակտիվացնել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Որպես առաջին քայլ՝ նախարարն անդրադարձել է Հայաստանում «Հալալ» մակնշմամբ սպանդանոցների շահագործումն արագացնելու խնդրին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար` դեսպանը պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելը և նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը:

Նախարարը դեսպանին տեղեկացրել է նաև Իրանի գյուղատնտեսության նախարարին այս տարի աշնանը Հայաստան հրավիրելու մտադրության մասին, որը հնարավորություն կընձեռի առավել մանրամասն քննարկել առաջիկա անելիքները և հստակ մոտեցումներ ցուցաբերել կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Ի պատասխան՝ իրանցի գործարարների կողմից Հայաստանում եգիպտացորենի արտադրությամբ զբաղվելու հետաքրքրություն ունենալու մասին պարոն Ռեյիսիի բարձրացրած հարցի, նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նման նախաձեռնություն ունեցող իրանցի բոլոր գործարարներին:

Այնուհետև նախարարն առաջարկեց իրանական կողմին քննարկել նաև իրանական ներդրումներով Հայաստանում կաթիլային ոռոգման սարքավորումների, կարկտապաշտպան ցանցերի արտադրություն կազմակերպելու հարցը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս