Հ. Աբրահամյանը և Ք. Լիչը քննարկել են հայ-բրիտանական համագործակցության հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Ողջունելով հյուրին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացման հարցում: Վարչապետի խոսքով՝ հայ-բրիտանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համապատասխան անհրաժեշտ է զարգացնել նաեւ տնտեսական համագործակցությունը: Առկա է չիրացված մեծ ներուժ, ապրանքաշրջանառության ծավալները փոքր են, եւ ՀՀ կառավարությունը պատրաստ է իրագործել առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության հետագա ընդլայնման հնարավոր ուղղությունները: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ ներդրումների ներգրավումն առաջնահերթություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար: Այդ նպատակով նոր կառավարությունը հավասար պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար, ովքեր կարող են գործունեություն ծավալել նաեւ մեր երկրի ազատ տնտեսական գոտիներում: Արծարծվել են հանքարդյունաբերության, ճանապարհաշինական եւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կապերի աշխուժացման առումով կարեւորվել է Երեւան-Լոնդոն ուղիղ չվերթի վերսկսումը, հատկապես, հաշվի առնելով Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումը:

Երկրի վարչապետը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Անդրադարձ է եղել նաեւ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2011 թվականին: Այն նպատակ ունի քաղաքացիական հասարակության ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության եւ վստահելիության մակարդակը:




Լրահոս