Հյուսիսային պողոտայի շինարարության ողջ ծախսերը «Տաշիր գրուպն» է հոգում․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է․ «7 տարի առաջ կառուցված Հյուսիսային պողոտայում այս օրերին կրկին մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: Քաղաքացիները, չհասցնելով վայելել «էլիտար» պողոտայում զբոսնելու, ժամանակ անցկացնելու հաճույքը, ստիպված են կրկին փոշի շնչել, շինարարական տեխնիկայի աղմուկը լսել: Պողոտայի հատակն ամբողջությամբ քանդված է, մեծ-մեծ քարաբեկորներն էլ ամենուր թափված:

Այս անգամ Հյուսիսային պողոտայով հետաքրքրված է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որը որոշել է պողոտայի՝ ժամանակին արված անորակ բետոնե հատակը փոխարինել երկարաժամկետ գրանիտե սալիկներով: Ընկերությունը Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերի բնակիչներից գնել է ստորգետնյա ավտոկայանատեղիների համար նախատեսված տարածքը՝ առևտրի ցանց կառուցելու նպատակով:

Քաղաքապետարանից «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ ողջ ծախսերը «Տաշիր գրուպն» է հոգում, և համայնքային բյուջեից այդ նպատակով ոչ մի լումա չի հատկացվել: Քաղաքապետարանից նաև հայտնեցին, որ սալիկապատման համար ընկերությունը կծախսի մոտ 5 միլիոն դոլար: Սալիկները ներկրվել են արտերկրից և, ինչպես քաղաքապետարանից են վստահեցնում, նախատեսված են 40-50 տարվա օգտագործման համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս