Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.
«Երբեմն, երբ գրում եմ մշակույթի մասին, արձագանքը լինում է մոտավորապես այսպիսին ՝ «այ ախպեր, մարդիկ սոված են՝ ի՞նչ մշակույթ»: Դա գալիս է այդ բառի չափից դուրս նեղ իմաստավորումից: Իբր դա ինչ-որ «հոգևոր սնունդ» է, որը պետք է հակադրվի նյութականին: Իրականում՝ երբ դուք կարողանում եք բանավիճել՝ առանց դիմացինին վիրավորելու, դա մշակույթ է: Երբ դուք ժամանակին եք գալիս աշխատանքի և այդտեղ փորձում եք օգտակար արդյունք ստանալ, դա նույնպես մշակույթ է: Եթե դուք ամեն օր ձգտում եք կատարելագործելու ձեզ և թե ձեր գործը՝ դա դարձյալ մշակույթ է: Կամ ՝ երբ դուք առավոտվանից գիշեր լաց եք լինում ձեր և ազգի դառը ճակատագրի վերաբերյալ՝ դա էլ է մշակույթ: Մշակույթ է ցանկացած ավանդույթ, մտքի ցանկացած ուղղվածություն, որը տարիներով, տասնամյակներով, դարերով մշակվում է և դառնում մտածելակերպի անբաժանելի մաս: Այդ առումով ակնհայտ է, որ վերջին 23 տարում մեր պետական, քաղաքական և արտադրական մշակույթը արագ և էական արդիականացման կարիք ուներ և ունի, ինչը մենք, տարբեր պատճառներով, չենք կարողացել անել»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։