Այսօր խորհրդարանի արտահերթ նիստն այնքան էլ լավ չսկսվեց ՀՀԿ-ի համար: Իշխող կուսակցությունը չկարողացավ անցկացնել մի քանի քվեարկություն, քանի որ չկար ձայների համապատասխան քանակ: Իրավիճակն իսկապես անհանգստացրեց նրանց, և ԱԺ-ի նախագահը նույնիսկ 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչ խնդիր էր այսօր ծագել քվեարկության հետ կապված, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ պատգամավորներին դահլիճ բերելու հետ կապված խնդիրներ չեն եղել:
«Ցուցակն ինձ մոտ դրված է, և բոլորը հարգելի գործուղումների մեջ են: Ի՞նչ խնդիր կա բերելու կամ չբերելու: Նրանք չեն քվեարկել տեղեկատվական տեխնոլոգիաների մասին օրենքին, որի վերաբերյալ ընդդիմադիրները դրական կարծիք են արտահայտել նախորդ քննարկման ժամանակ: Նրանք ոչ թե դեմ են եղել այդ օրենքին, այլ ԱԺ բնականոն աշխատանքը խափանելու միտում են ունեցել, որովհետև օրենքը նայեցինք նախորդ քննարկման ժամանակ նրանց կողմից օրենքը ողջունելի է եղել: Նրանք նկատել են, որ մենք ունենք գործուղման մեջ 8 պատգամավոր», – ընդգծեց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, որ պատգամավորները քառօրյա նիստերին գործուղումների չեն գնա, նա նշեց.
«Բացի այն գործուղումներից, որոնց մենք չենք կարող չմասնակցել: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե մենք չմասնակցեինք, օրինակ, Բաքվում անցկացվող ՆԱՏՕ-ի սեմինարին», – հայտարարեց նա:
Իսկ այն հարցին, թե այս կառավարությունն էլ նախորդի նման հրատապ նախագծեր է բերում քննարկման, և պատգամավորները չեն հասցնում ծանոթանալ այդ նախագծեի բովանդակությանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց:
«Դա ԱԺ կանոնակարգի հետ կապված խնդիր է: Մենք Լևոն Զուրաբյանի վերցրած ընդմիջման ժամանակ բարձրացանք, որպեսզի քննարկենք: Եվ մենք տեսանք, որ խնդիր իսկապես կա, Ազգային ժողովը և՛ ֆիզիկապես, և՛ ընդհանրապես քննարկումների առումով ի վիճակի չէ դնել և քննարկել 39 հարց՝ առանց հանձնաժողովներում քննարկման: Սակայն սա կանոնակարգի խախտում չէ, քանի որ կանոնակարգի խնդիր կա: Մենք որոշում կայացրինք, որ որքան երկարի, այդ օրինագծերը պետք է գնան հանձնաժողով, և այնտեղ քննարկման դրվեն», – հավելեց նա: