«ՉՈՒԼՈՉՆՈՒ ՌՈՆ» ՈՒ ԱԶԳԱՅԻՆ… ԲԻԶՆԵՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու արդյունաբերական հպարտություններից մեկը շատ երկար տարիներ գուլպեղենի արտադրական միավորումն էր` ժողովրդի մեջ ռուսական արտաբերմամբ տարածված Չուլոչնին, որը, ինչպես ասում էին լենինականցիները, Տեքստիլի հետ մի ամբողջ քաղաք էր կերակրում: Կերակրում էր, որովհետեւ երկրաշարժից հետո այս հզոր ձեռնարկության մի մեծ ու կարեւոր մասնաշենք փլվեց, չնայած պահպանվեցին գլխավոր մասնաշենքն ու մի քանի արտադրամասեր: Այդ ամենի տերը հետագայում դարձավ Ռոբերտ Զաքարյանը: Եթե Գյումրիում հարցնես, թե ով է Ռոբերտ Զաքարյանը, մարդիկ կթոթվեն ուսները, անգամ կասեն, թե իրենց քաղաքում նման մարդ չի ապրում, բայց եթե ասես` Չուլոչնու Ռոն, բոլորը միաբերան կասեն, թե քաղաքի մեծահարուստներից է, գրեթե օլիգարխ, ով նաեւ Ազգային Ժողովի պատգամավոր է:
Մինչեւ 1988թ. Ռոբերտ Զաքարյանը շատ համեստ մի աշխատավոր էր, որին ձեռնարկության տնօրենները կամաց-կամաց առաջ էին տարել ու նշանակել արտադրամասի պետ: Ավելի ճիշտ` ցեխի վարիչ, որովհետեւ Ռոն այնքան էլ տեղյակ չէր նոր տերմիններից, արտադրության կառավարման նորանոր մեթոդներից: Նրա համար իր ղեկավարածն ընդամենը ցեխ էր, ուր աստիճանաբար ինքը դարձավ դրության տերը:
Իր գրեթե բոլոր հաջողությունների համար Ռոբերտ Զաքարյանը պարտական է Լենինականի թեթեւ արդյունաբերական տեխնիկումին, իսկ հետո էլ Մոսկվայի թեթեւ արդյունաբերության ինստիտուտին, որի հեռակա բաժինն է ավարտել: Երկրաշարժից հետո, երբ մարդիկ զբաղված էին իրենց կորուստների ցավը սգալով, Ռոբերտ Զաքարյանն օգտվեց բարենպաստ վիճակից ու առանձնացնելով «փրկված» արտադրության գործիքները` իր սեփական արտադրամասը ստեղծեց: Այդ ժամանակ ոչ ոք չիմացավ, թե ինչ ձեւակերպումներ տրվեցին նոր արտադրամասի ստեղծմանը, ոչ ոք չհարցրեց, թե ինչպես մի քանի տասնյակ մեքենա հայտնվեց նրա տիրապետության տակ: Դե, քաղաքը խառնված էր իրար, ձեռնարկությունում մարդկային ու նյութական կորուստներն էին հաշվում… Այս նոր արտադրամասը Ռոբերտ Զաքարյանի համար «ելակետային» դարձավ եւ հենց այդ ժամանակ էլ ծանոթացավ Գագիկ Ծառուկյանի հետ, ով այդ փուլում զբաղվում էր նաեւ գուլպեղենի արտահանմամբ:
Մի քանի տարի պայքարելով վերականգնվող ֆաբրիկայի տնօրենների դեմ եւ երբեք «առաջին պլանում» չհայտնվելով` Ռոբերտ Զաքարյանին վերջապես հաջողվեց սեփականաշնորհել գուլպեղենի ձեռնարկությունն ու դառնալ դրա տերը: Շատերն էին տարակուսանքով արձագանքում այն փաստին, որ նախասովետական ցեխավիկի հոգեբանությամբ ու գիտելիքներով առաջնորդվող մարդը նման հզոր ձեռնարկության սեփականատերն է դարձել: Իսկ սեփականատեր դառնալու գործընթացն էլ բավական հետաքրքիր էր, որովհետեւ միտումնավոր պարապուրդի մատնելով ձեռնարկությունը եւ հայտարարելով, թե արտադրանքը չի սպառվում` Ռոբերտ Զաքարյանը, օգտվելով իր խորհրդատուների աջակցությունից, մարդկանցից գնեց «վաուչերներն» ու հռչակվեց միանձնյա տեր: Իհարկե, իր մտերիմներից մի քանիսին հնարավորություն տվեց սեփական բիզնեսը ձեւավորել` չհեռանալով իրենից:  
Ռոբերտ Զաքարյանը «Արշալույս» ֆիրմայի ճարտարագիտական կառավարումը հանձնեց գլխավոր ճարտարագետ Սուսաննա Աստոյանին, քանի որ ինքն արտադրությունից բան չէր հասկանում, եւ ձեռնամուխ եղավ  ռեստորանաշինությանը: Սկզբում քաղաքի գլխավոր հրապարակում գտնվող գուլպեղենի ֆաբրիկայի նշանավոր մասնաշենքի առաջին հարկում «Միլենիում» ռեստորանը հիմնադրեց` գուլպեղեն արտադրելու փոխարեն, հետո էլ շենքի մի զգալի մասը վարձակալության հանձնեց «Արմենտելի» մարզային կառույցին: Ժամանակին մենք տեղեկացել էինք, որ Ռոբերտ Զաքարյանը «Արմենտել»-ից ամսական 800 դոլար վարձավճար էր վերցնում, սակայն դա ծիծաղելի թիվ էր, որովհետեւ այդպես միայն գրանցվում էր փաստաթղթերում: Հետո զգալով, որ ռեստորանը մեծ եկամուտներ չի ապահովում, Զաքարյանը տարածքը բանկի հանձնեց:
Իհարկե, ձեռնարկությունում գուլպեղեն արտադրվում է, սակայն տպավորությունն այնպիսին է, թե Զաքարյանի ողջ ուշադրությունը կենտրոնացած է այլ բիզնեսի վրա: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը բազմաթիվ բողոք-նամակներ է ստացել գյումրեցիներից, ովքեր կամենում էին աշխատել, ապահովել իրենց գոյությունը, սակայն Զաքարյանին միշտ էլ հաջողվել է «ջրից չոր դուրս գալ», որովհետեւ միշտ օգտվել է ամենազոր Գագիկ Ծառուկյանի հովանավորությունից: Դե, ժամանակին Զաքարյանն է իրեն օգնել ոտքի կանգնելու, հիմա էլ ինքը պարտավոր է փոխհատուցել…
Քանի որ գրեթե բոլոր մեծահարուստները նաեւ պատգամավոր էին դառնում, Ռոբերտ Զաքարյանն էլ առաջադրեց իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով: Հսկայական գումարներ ծախսեց, բրեժնեւյան ժամանակներին բնորոշ հանդիպումներ կազմակերպեց, ոտքերի տակ գառներ մորթվեցին, սակայն պարզվեց, որ իշխանություններն այլ որոշում էին կայացրել` Գագիկ Ծառուկյանի «քավորին» դուրս թողնելով մրցապայքարից: Բայց, ի վերջո,  Ռոբերտ Զաքարյանի երազանքն իրականություն դարձավ ու 2007-ին «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակով եկավ խորհրդարան` օրինաստեղծ գործունեությունից բան չհասկացող պատգամավորների թիվը եւս մեկով ավելացնելով: Սուսուփուս ու լուռումունջ նստում է Ռոբերտ Զաքարյանը նիստերի ժամանակ, ակնապիշ նայում ելույթ ունեցողներին, իսկ երբեմն էլ ննջում… Ասում են, որ ԲՀԿ առաջնորդը որոշել է առաջիկա ընտրություններում եւս իր հետ խորհրդարան բերել Ռոբերտ Զաքարյանին. դե, անշառ մարդ է, ոչնչով չի «խանգարում» խորհրդարանի գործունեությանը, ինքն իր հաշիվներն ու հաշվարկներն է անում:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս