ArmLur.am պարզեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով փորձում է լուծել կենսաթոշակների և նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարման հետևանքով առաջացած խնդիրները։
Հիշեցնենք, որ 2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում ներդրվել է կենսաթոշակների և պետական նպաստների ամբողջությամբ անկանխիկ վճարման համակարգը։ Սակայն գործնականում պարզվել է, որ հատկապես տարեց և առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների համար այդ համակարգը ոչ թե հեշտացրել, այլ բարդացրել է կյանքը։
Խոսքը հիմնականում 75 տարեկանից բարձր, ինչպես նաև հաշմանդամության ծանր կամ խորը աստիճան ունեցող շահառուների մասին է, որոնք հաճախ չեն կարողանում ինքնուրույն օգտվել բանկային ծառայություններից։ Խնդիրներ են առաջացել քարտերի արգելափակման, PIN կոդերի վերականգնման, կորցրած քարտերի վերաթողարկման, բանկոմատներում քարտերի առգրավման և այլ հարցերում։
Փաստորեն, իշխանությունների կողմից ներկայացված «թվայնացված» համակարգը շատ թոշակառուների համար վերածվել է հավելյալ քաշքշուկի։ Շատ տարեցներ ստիպված են եղել օգնության դիմել հարազատներին կամ երկար ժամանակ անցկացնել բանկերում՝ անգամ ամենապարզ գործողությունների համար։
Այս իրավիճակում կառավարությունը հիմա առաջարկում է նոր մեխանիզմ ներդնել․ սոցիալական ծառայության ներկայացուցիչները կկարողանան շահառուների անունից բանկային որոշ գործողություններ իրականացնել, այդ թվում՝ պայմանագիր կնքել և աջակցել բանկային հիմնական ծառայություններից օգտվելիս։
Նախագծով նախատեսվում է, որ նման աջակցությունը կլինի անվճար, իսկ շահառուն ցանկացած պահի կարող է հրաժարվել այդ տարբերակից և ինքնուրույն օգտվել ծառայություններից։
Նախարարության գնահատմամբ՝ տարեկան շուրջ 15-20 հազար քաղաքացի կարող է օգտվել այս մեխանիզմից։
Փաստացի, կառավարությունը ընդունում է, որ կենսաթոշակների ամբողջական անկանխիկացման գործընթացը ներդրվել է առանց բավարար հաշվարկելու, թե որքան հասանելի կլինի այն ամենախոցելի խմբերի համար։
Սակայն նույնիսկ այս փոփոխություններից հետո հարց է մնում, թե գործնականում որքան արդյունավետ կաշխատի նոր համակարգը, և արդյոք այն իսկապես կթեթևացնի տարեց ու խնդիրներ ունեցող քաղաքացիների առօրյան, թե պարզապես հերթական բյուրոկրատական միջանկյալ օղակը կդառնա։
Ա․ Վարդանյան






























