ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենսդրական փաթեթի քննարկումը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրքվեց, թե ինչու փորձ չարվեց ներդնել կամավոր համակարգ, որովհետև եթե ամբողջ ջանքերը ներդնեին կամավորի համար, ավելի շատ արդյունքների կհասնեին:
Մարգարյանը հետաքրքրվեց նաև, որ եթե կուտակային հիմնադրամները փլուզվեն, ի՞նչ է լինելու գումարների հետ այդ դեպքում: Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ կամավոր համակարգը ներդրվում է ոչ պետական համակարգի համար` ժամանակավորապես: Անդրադառնալով արժեզրկման կամ հիմնադրամների փլուզման ռիսկերին.օրենսդրական փաթեթը լուծումներ ունի բոլոր դեպքերի համար:
«Անձի միջոցները երաշխավորված են, ոչինչ չի սպառնում այդ միջոցներին: Վստահ ենք, որ բոլոր խնդիրները հստակ լուծումներ ունեն», – ասաց Ասատրյանը: Ստեփան Մարգարյանն էլ արձագանքեց. «Ես համոզված եմ, որ եթե ի սկզբանե գնայիք կամավոր համակարգ ներդնելու ճանապարհով, ավելի շատ արդյունքի կհասնեինք: Բայց մենք սխալ ճանապարհով ենք փորձում գնալ, խնդիր ենք դրել ու գնում ենք այդ խնդրի ճանապարհով», – հայտարարեց նա: