Սպանված մատուցողուհու «ընկերուհին» կրկին ցուցմունք կտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա մայիսի 8-ին Աջափնյակում 23-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի դաժան սպանության գործով դատական նիստերը շարունակվում են` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Երեկ կայացած նիստին տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչը` Նարինե Վարդանյանը, ով նաև տուժողի մայրն է, սպառնում էր ամբաստանյալին և նրա քրոջը` Աննա Թամրազյանին, թե իր ձեռքերով կսպանի նրանց:

Այս կապակցությամբ Աննան Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համար ավելի կարևոր է արդարության վերականգնումը, և նրանց համար հասկանալի է սպանված մատուցողու մոր վրդովմունքը:

«Եղբորս պաշտպան Կրոմվել Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց, որ դատարանում կրկին ցուցմունք տան Մարիամի ընկերուհին` Միլենա Միլիջանյանն, ու Դավիթը, քանի որ միայն այդկերպ հնարավոր կլինի հասկանալ՝ իրականում ինչ է եղել: Բանն այն է, որ իր նախաքննական ցուցմունքում Դավիթը ոստիկանների կարգադրությամբ է ցուցմունք տվել, թե իբր դեպքի օրը հեռախոսով զրուցել է Մարիամի հետ, իրականում հեռախոսազանգերի վերծանումից հետո պարզ կդառնա, որ Դավիթն ընդհանրապես նրա հետ չի զրուցել»,- ասաց ամբաստանյալի քույրը:

Տեղեկացնենք, որ պաշտպան Կ.Գրիգորյանը նիստին դատարանին ինքնաբացարկ էր հայտնել: Պաշտպանի խոսքերով` մինչ իր և մյուս պաշտպանի գործին ներգրավվելը դատարանում հարցաքննվել են վկաներ, տուժողի իրավահաջորդը և ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը:

Դատարանի դեմ ինքնաբացարկի այս միջնորդությանը մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանն առարկել էր: Դատարանը մերժել էր  միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ին, և կրկին  ցուցմունք կտա ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս