ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ
«Չէի սպասում, որ «Երկրապահ»-ը պետք է ներքաշվի քաղաքականության մեջ, որովհետեւ մենք միշտ հեռու ենք եղել այդտեղից, չենք ուզեցել մտնել քաղաքականություն: Եթե զինվորը դառնում է կուսակցական, դա ամենաառաջին հարվածն է մեր պետությանը: Եթե դառնում են կուսակցական, պետք է սկսեն, սահմանները թողած, այդ կուսակցությունների շահերը պաշտպանել»,-Սերժ Սարգսյանին պաշտպանելու  ԵԿՄ  հայտարարության կապակցությամբ  7or.am-ին ասել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Խաչատուր Նանիջանյանը:

ՈՐՈՇԵԼ ԵՆ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ԱԺ պատգամավոր դառնալու ցանկություն չունի  եւ  առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը: Խաչատրյանը  Slaq.am-ին ասել է, որ ՀՀԿ-ն արդեն իսկ որոշում է կայացրել թիվ 37 ընտրատարածքում մեծամասնականով իր թեկնածուի առաջադրման հարցում: ՀՀԿ-ն Սուրեն Խաչատրյանի հետ միասին սատարելու է երիտասարդ ՀՀԿ-ական Հայկ Գեւորգյանին: Վերջինս ընդամենը 28 տարեկան է, գիտությունների թեկնածու, նախկինում դպրոցում դասավանդել է մաթեմատիկա: Հիշեցնենք, որ թիվ 37 ընտրատարածքում գործող պատգամավորն Ալեքսանդր Սարգսյանն է` Սերժ Սարգսյանի եղբայրը:

ՀԱԿ-Ը ՈՂՋՈՒՆՈՒՄ Է

Հայ ազգային կոնգրեսը ողջունում է ՀՀ տարբեր տարածքներում հանրային շահերի պաշտպանության համար համախմբված բնապահպանների պայքարը  եւ  իր պատրաստակամությունն է հայտնում մաս կազմելու բնապահպանական նախաձեռնություններին` հասարակության առջեւ ծառացած էկոլոգիական հիմնախնդիրները լուծելու համար: Միաժամանակ, կարեւորելով գրագետ էկոլոգիական քաղաքականության առկայությունը  եւ  էկոլոգիական խնդիրների լուծման հարցում համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը, ՀԱԿ բնապահպանական հարցերով հանձնաժողովը հանրության քննարկմանն է ներկայացնում էկոլոգիական քաղաքականության հայեցակարգի նախագիծը, որը հասարակական քննարկումների արդյունքում կարող է լրամշակվել եւ դրվել Կոնգրեսի ծրագրային քաղաքականության հիմքում: ՀԱԿ-ը ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում է միայն համակարգային փոփոխությունների միջոցով:

ՀՈՒԶԱԿԱՆ ԵՆ
«Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումներն առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանրութեթեւ անելու եւ հասարակական փոխըմբռնման հասնելու համար:
Այդ տարածքում իրականացվող ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքների նախապատմությանը վերաբերող փաստերին ծանոթանալ ցանկացող յուրաքանչյուր ոք, կարծում եմ, առկա փաստերի հիման վրա ի վիճակի կլինի կատարել անաչառ եզրահանգումներ»,-երեկ տարածած հայտարարության մեջ ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ԾՆՆԴԿԱՆԸ՝ ՁՆԱԿՈՒՅՏՈՒՄ
Փետրվարի 21-ին Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածում  ձնակույտի մեջ է մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղեւորներով:  Դեպքի վայր մեկնած փրկարարները հասել են Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկ, սակայն  ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած մոտ 3 կմ ճանապարհը  հաղթահարել են ոտքով: Պարզվել է, որ ուղեւորուհի 20-ամյա Գյուլնարա Ֆարոյանին անհրաժեշտ է տեղափոխել ծննդատուն. հրշեջ-փրկարարները նրան պատգարակով հասցրել են Ճարճակիս-Ալագյազ գյուղերի խաչմերուկ, որտեղից էլ ավտոմեքենայով տեղափոխել են Ապարան քաղաքի հիվանդանոց:




Լրահոս