ՀԱՐՑ. Ապրում եմ ՀԱԹ Բ-2 թաղամասում, արդեն երկու օր է, ինչ հոսանքն առանց զգուշացնելու ժամը 11:00-14:00 ընկած ժամանակահատվածում անջատում են: Կխնդրեի պարզաբանել, թե ինչն է պատճառը, եւ ինչու չեն այդ մասին նախապես բնակիչներին տեղեկացնում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, ՀԱԹ Բ-2 թաղամասում երկու օր` փետրվարի 20-ին եւ 21-ին, որոշ ժամանակով լույսերն անջատվել են: Պլանային անջատում չի եղել, որպեսզի նախապես հեռուստատեսությամբ կամ մեր պաշտոնական կայքից տեղեկացվեին բնակիչները: Դա վթարային անջատում է եղել, եւ վթարայինի դեպքում «Էլցանց»-ը չի կարող նախապես իմանալ եւ տեղեկացնել, թե երբ պիտի անջատումներ լինեն: Տվյալ թաղամասում հոսանքագծերը վատ վիճակում են եղել, կայծեր են առաջացել, որի պատճառով հոսանքն անջատվել է, համապատասխան աշխատանքներից հետո թերությունները վերացվել են:
հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զարմանալի է, թե ինչպես է ստացվել, որ ե՛ւ փետրվարի 20-ին, ե՛ւ 21-ին ճիշտ նույն ժամին նույն թաղամասում վթարը կրկնվել է: «Հայէլցանցեր» ՓԲԸ-ի պարզաբանումը բացարձակապես հավատընծա չէ, ու բնակիչներն իսկապես դժգոհելու առիթ ունեն, քանի որ հատկապես տարվա այս հատվածում էլեկտրաէներգիայի անջատումները շատ ավելի ծանր հետեւանքներ են ունենում: