ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, կարեւոր հանգամա՞նք է, թե եկեղեցի այցելելիս քանի մոմ են վառում:

Անի Հակոբյան (25 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մոմավառությունը Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտական սովորույթներից է, որը նաեւ զոհողության տեսակ է: Երբ եկեղեցուց մոմ են գնում, նախատեսված գումարը եկեղեցու հոգսերի եւ կարիքների համար է օգտագործվում: Քանակը որեւէ նշանակություն չունի: Եվ մոմ վառելը պետք է զուգորդվի աղոթքով: Իսկ երբ որեւէ մեկն ուրիշի համար է մոմ գնում, ապա այդ դեպքում սեփական միջոցներից զոհողություն կատարելու մասին խոսք լինել չի կարող: Մոմավառությունը չպետք է դառնա ինքնանպատակ, որպեսզի մարդը չսահմանափակվի դրանով եւ համարի, եթե շատ մոմ է վառել, ապա ճշմարիտ քրիստոնյա է: Ամենակարեւորը` եկեղեցի մտնելիս աղոթելն է, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անի, քանի որ Աստծո տունն աղոթքի տուն է:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկասկած, մոմավառությունը բարեպաշտական կարեւոր սովորույթ է, եւ ցանկալի է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հաճախ այցելի եկեղեցի: Բայց ցավալի մի փաստ. ընդամենը մի քանի տարիների ընթացքում մոմի գնի կտրուկ աճ է գրանցվել: 2008 թվականից մինչ հիմա եկեղեցական ամենաէժան մոմը թանկացել է 50 տոկոսով: Նախկինում այն արժեր 40 դրամ, հետո` 60: Իսկ հիմա միջին մոմը 60 դրամից դարձել է 100 դրամ, մեծ մոմը` 150-ից 250 դրամ:

 

ՀԱՐՑ. Ես կորցրել եմ իմ ամառանոցի առք ու վաճառքի պայմանագիրը: Մյուս բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունեմ: Մեկ օրինակը գտնվում է կադաստրում, մյուսը՝ նոտարում: Խնդրում եմ ասեք, ես ի՞նչ կարող եմ անել, որպեսզի վերականգնեմ փաստաթուղթը:

Մանուկյան Վարդան (61 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անշարժ գույքի` ամառանոցի, նկատմամբ իրավունքները սահմանված կարգով ստացել են պետական գրանցում կամ նշված գույքի առքուվաճառքի պայմանագիրը սահմանված կարգով ներկայացված է եղել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի որեւէ տարածքային ստորաբաժանում կամ սպասարկման գրասենյակ, ապա քաղաքացին իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի առքուվաճառքի պայմանագրի պատճենը ստանալու համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ եւ 32-րդ հոդվածների պահանջների համաձայն կարող է դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի որեւէ սպասարկման գրասենյակ եւ վերը նշված օրենքի 73-րդ հոդվածով սահմանված (կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճենների յուրաքանչյուր էջի համար գանձվում է 20 դրամ) վճարները կատարելու դեպքում, քաղաքացուն նշված օրենքի 11-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ տվյալ գույքի կադաստրային գործից սահմանված կարգով կտրամադրվի պահանջվող պայմանագրի լուսապատճենը:
Եթե տվյալ առքուվաճառքի պայմանագիրը չի ներկայացվել Կադաստրի մարմին, ապա քաղաքացին կարող է դիմել նոտարական գրասենյակ առքուվաճառքի պայմանագրի կրկնօրինակ ստանալու համար:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն ոչինչ կորած չէ. Վ. Մանուկյանը կարող է ներկայանալ կադաստրի պետական կոմիտեի տարածքային գրասենյակ, կատարել համապատասխան քայլեր ու ստանալ իր ամառանոցի սեփականության վկայականը:

 

ՀԱՐՑ. Բանկի հետ կնքել եմ ոսկու գրավով ապահովված վարկային պայմանագիր: Աշխատակիցներն ինձ տեղեկացրեցին, որ 6 ամսվա ընթացքում վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում բանկը կիրացնի գրավի առարկան: Ինչ-ինչ պատճառներով վարկային պարտավորությունները չեմ կատարել, որից հետո բանկը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ 220.000 դրամի չափով գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ: Խնդրում եմ ասեք, արդյո՞ք բանկը իրավունք ուներ նման քայլերի դիմել, թե ոչ:

Միքայել Արոյան (32 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով եւ պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը եւ տոկոսներ վճարել դրանից: Այսինքն՝ վարկառուի՝ իրեն տրամադրված դրամական միջոցները վերադարձնելու եւ դրա օգտագործման դիմաց տոկոսներ վճարելու պարտականությանը համապատասխանում է որպես վարկ տրամադրված դրամական միջոցները եւ դրա օգտագործման դիմաց տոկոսներ ստանալու վարկատուի իրավունքը:
Վարկառուի կողմից վարկային պայմանագրով նախատեսված որպես վարկ տրամադրված դրամական միջոցների վերադարձման, ինչպես նաեւ վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների վճարման պարտականությունը չկատարելու դեպքում խախտվում են վարկառուի իրավունքները, որոնց պաշտպանության նպատակով Վարկառուն կարող է դիմել դատարան:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սա այն բացառիկ դեպքերից է, երբ օրենքը գործում է քաղաքացու՝ վարկառուի օգտին: Չնայած` փոքր-ինչ կասկածելի է դատարան դիմելուց հետո շարքային քաղաքացու իրավունքների վերականգնման հավանականությունը` հաշվի առնելով մեր դատական համակարգի կոռումպացվածությունը:




Լրահոս