ԱԲՍՈՒՐԴԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դ. Կիսիլեւի աղմկահարույց հայտարարությունները շարունակում են քննարկվել ՀՀ քաղաքական եւ լրատվական դաշտում: Ուշագրավ է, սակայն, որ քննադատության հիմնական սլաքն ուղղվում է ռուսաց լեզվի եւ մշակույթի տարածման շուրջ Կիսիլեւի` ոչ կոռեկտ դատողություններին: Մինչդեռ այդ քննարկման ընթացքում Կրեմլի խոսնակը համարվող այս լրագրողն արել է շատ ավելի կարեւոր եւ քննարկման կարոտ մի հայտարարություն: Նա ասել է. «Հայկական պետականության գոյությունն աշխարհում կարող է երաշխավորել միայն մեկ երկիր` Ռուսաստանը, եւ Ռուսաստանն այդ պարտավորությունը վերցրել է ՀԱՊԿ շրջանակում»:
Մի կողմ թողնելով հայոց պետականության երաշխավորման հարցում ռուսների ունեցած տխրահռչակ դերակատարության քննարկումը, անդրադառնանք ասվածի վերջին մասին. ի՞նչ ասել է` «Ռուսաստանն այդ պարտավորությունը վերցրել է ՀԱՊԿ շրջանակում»: Ներողություն, հապա ի՞նչ եղավ 1995թ. մարտի 16-ի «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում 2010թ. Դ. Մեդվեդեւի եւ Ս. Սարգսյանի կողմից արված փոփոխությունն, ըստ որի՝ Ռուսաստանը ոչ միայն հնարավորություն ստացավ սեփական ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում երկարաձգել մինչեւ 2044 թիվը, այլեւ ստանձնեց ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ՀՀ ռազմական անվտանգությունն ապահովելու պարտավորություն: Հետեւաբար` նախքան եւ բացի ՀԱՊԿ-ի հիշատակումը, Կիսիլեւը պետք է որ նշեր հենց այս պայմանագիրը:
Թե ինչ նպատակով է Կրեմլի խոսնակի շուրթերով Ռուսաստանի` ՀՀ անվտանգության երաշխավորի պարտավորությունը փորձ արվում ներկայացնել բացառապես ՀԱՊԿ շրջանակում` դժվար է ասել: Թեեւ` դատելով ռուս-ադրբեջանական համագործակցության սերտացման միտումներից` չի բացառվում, որ տխրահռչակ ռուս լրագրողի այս ընդգծումը պատահական չէր:
Այսօր, առավել քան երբեւէ, տեսանելի է, որ ՀԱՊԿ-ն, որպես մեր երկրի ռազմաքաղաքական անվտանգության իրական երաշխավոր, գուրծունակ կառույց չէ: Դժվար է հավատալ, որ հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում ՀԱՊԿ անդամ հինգ երկրներից առնվազն չորսը` Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Բելառուսը, ձեռնամուխ կլինեն Հայաստանի անվտանգության սպառնալիքների չեզոքացմանը: Եվ եթե ամրագրում ենք, որ Ռուսաստանը ստանձնել է ՀՀ անվտանգության երաշխավորի պարտավորությունը` ՀԱՊԿ շրջանակում, ապա կարող է ստացվել այնպես, որ մեր շատ սիրելի ռազմավարական դաշնակիցը պարզապես ասի` ինչ կարող եմ ես անել միայնակ, երբ ՀԱՊԿ հինգ անդամները դեմ են:
Այս պահին նման վերլուծությունը կարող է թվալ պարզունակ եւ աբսուրդային, սակայն եթե մտովի վերադառնանք ընդամենը մեկ տարվա վաղեմության աշխարհաքաղաքական իրավիճակին եւ այն համեմատենք այսօրվա հետ, կհամոզվենք, որ աբսուրդը պուտինյան Ռուսաստանի բրենդն է:

 




Լրահոս