Տավուշի մարզի Ադրբեջանին հարակից համայնքների բնակիչներն իրենց կյանքը վտանգելով են աճեցնում բերքը: Բացի հակառակորդի գնդակներից,գյուղատնտեսությանը մեծ սպառնալիք են նաեւ բնական աղետները: Հունիսի 12-ին՝ ժամը 10.23-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Լճկաձոր համայնքում կարկուտ է տեղացել, որի հետեւանքով վնասվել են գյուղի այգիները եւ ցանքատարածությունները:
Լճկաձորի գյուղապետ Սուրիկ Մարտիրոսյանը մեզ հայտնեց, որ շուրջ 10 րոպե տեւած, բավականին ուժգին կարկտահարությունից հետո գյուղի դեղձի այգիների բերքը վնասվել է 95, խաղողինը՝ 90 տոկոսով: Սուրիկ Մարտիրոսյանն ասաց, որ կարկտահարության վնասների մասին ինքը հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարություն եւ Տավուշի մարզպետարան: Դրա նախօրեին էլ, ժամը 19.50-ից մինչեւ ժամը 20-ը տեւած կարկտահարությունից տուժել են Նոյեմբերյան քաղաքի այգիները եւ ցանքատարածութունները: Հունիսի 8-ի կարկտահարությունից վնասվել են Լճկաձորի, Հաղթանակի եւ Պտղավանի ցանքերն ու այգիները:
Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը Տավուշի մարզխորհրդի՝ հունիսի 3-ի նիստում հայտնեց, որ մարզում մարտի 29-30-ին տեղի ունեցած ցրտահարությունից մարզի 44 համայնքներում վնասվել է 236 հեկտարի բերք, տուժել է 5700 տնտեսություն: Մայիսի 13-14-ին Բերդի տարածաշրջանի 5 համայնքներում եղել է կարկտահարություն, որից տուժել է պտղատու եւ խաղողի այգիների բերքը, Նավուրի հացահատիկային սերմաբուծական տնտեսությունը: Նշենք, որ գյուղատնտեսական համարվող Տավուշի մարզում հակակարկտային կայաններ չկան, մարզի Բագրատաշեն համայնքում գործում է «Զենիթ» տեսակի հակակարկտային կայան, Տավուշ եւ Այգեհովիտ համայնքներում տեղադրվել են հակակարկտային ցանցեր: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ ողջ աշխարհում գյուղատնտեսությունը համարվում է ապահովագրության համար ռիսկային ոլորտ: Նախարարն ասաց, որ գյուղատնտեսական ցանքերը ապահովագրելու համար ֆերմերները պետք է տարեկան մուծեն 190 հազար դրամ, ինչը գյուղացիների համար մեծ ծախս է: Նախարարը հայտնեց, որ Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում կներդրվի գյուղանտեսության բնագավառի ապահովագրության համակարգ, սակայն դա երկարատեւ գործընթաց է: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Սերգո Կարապետյանը հայտարարել էր, թե լավ բերք երաշխավորելու համար հոգեւորականները պետք է օրհնեն դաշտերը: Մինչ օրս, կարծեք թե շատ բան չի փոխվել: Եթե պետությունը ցանկություն կամ հնարավորություն չունի դաշտերը կարկտահարությունից զերծ պահելու նպատակով հակակարկտային կայաններ տեղադրել, մնում է, Աստծո ողորմածությանը դիմելով, աղոթել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ