ՊԱՅՔԱՐ՝ ՇՈՒԿԱՆ ԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սկավառակների արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Ադամս» ՍՊԸ-ն տուգանվեց իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մեկ տոկոսի չափով: Բանն այն է, որ նույն ոլորտում գործող մեկ այլ ընկերություն՝ «Ռեքո Ռեքորդսը», դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ «Ադամս» ընկերությունը շուկայում ներկայանում է որպես բացառիկ իրավատեր:

Եվ այսպես, սկավառակների արտադրության եւ վաճառքի ոլորտում ընթանում է թեժ մրցակցություն, թե ով կարող է «գրավել» շուկան: Ըստ «Ռեքո ռեքորդս»-ի՝ մանրածախ վաճառք իրականացնող տասնյակ անձանց, այդ թվում նաեւ իրենց ընկերության պատվիրատուներին «Ադամս»-ն ուղարկել է նույնաբովանդակ գրություններ՝ նշելով, որ իբր ինքը հանդիսանում է Հայաստանում արտասահմանյան մի շարք ընկերությունների հեղինակային եւ հարակից իրավունքների, ինչպես նաեւ մի շարք կատարումների գույքային իրավունքների բացառիկ իրավատեր: «Ադամս» ընկերությունը ներկայացրել է նաեւ, որ ՀՀ-ում այդ շուկան պատկանում է միայն իրեն եւ պահանջել է, որ գնումներ կատարեն իր ընկերությունից՝ ոչնչացնելով այլ արտադրողներից նախկինում ձեռք բերված սկավառակները:
Մինչդեռ «Ռեքո Ռեքորդս»-ի տնօրինությունը պնդում է, որ «Ադամս» ընկերությունը նման պարտադրողական գործողություններով ընդլայնել է իրացման ծավալները` թույլ չտալով, որպեսզի սկավառակների մանրածախ վաճառք իրականացնողները պատվերներ կայացնեն նաեւ իրենց ընկերությանը:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ «Ադամս» ընկերությունը չի հանդիսանում իր կողմից նշված օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավատեր, հակառակը՝ այդ օբյեկտների մի մասի նկատմամբ բացառիկ իրավունքները պատկանում են միայն «Ռեքո Ռեքորդս»-ին:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Ադամս» ընկերության տնօրեն Արշավիր Առաքելյանի հետ, ով նշեց, որ ինքը տեղյակ չէ տուգանքից: «Նման բան չկա: «Ադամս» ՍՊԸ-ի գործը կասեցվել է: Մենք միայն գրություն ենք ստացել ՏՄՊՊՀ-ից այն մասին, որ մեր գործը կասեցվել է ու ոչ մի տուգանք էլ չի եղել: Ես տեղյակ չեմ եւ չեմ կարող ձեր հարցերին պատասխանել, քանի որ մենք այլ բովանդակություն ունեցող գրություն ենք ստացել: Բնականաբար, համաձայն չենք տուգանքին»,- զայրացած ասաց տնօրենը:
Հանձնաժողովի երեկվա նիստում խիստ նախազգուշացում ստացան նաեւ մի շարք այլ ընկերություններ եւս: Մասնավորապես մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Երեմկա» ՍՊ ընկերությունը, օրինակ, իր արտադրանքի պիտակների վրա օգտագործել է «Երեւանի միս կոմբինատ» բառերը` որեւէ առնչություն չունենալով տվյալ ընկերության հետ: Ի դեպ, վարչական վարույթը հարուցվել է Երեւանի «Ուրարտու ԱՄ մսի կոմբինատ» ընկերության դիմումի հիման վրա:
Վանաձոր քաղաքում մալուխային ցանցով հեռուստաալիքների վերահեռարձակման (կաբելային հեռուստատեսություն) ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Սպայդեր Սիստեմս» ընկերությունը նույնպես խիստ նախազգուշացում ստացավ, քանի որ վերջինս գովազդային նյութեր էր տարածել` նշելով, որ ընկերությունը 6 ամիս ժամկետով անվճար մատուցում է կաբելային հեռուստատեսության ծառայություններ: Սակայն պարզվել է, որ ընկերության գովազդը չի համապատասխանում իրականությանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս