Դատապարտյալի վերջին հույսը պատգամավորներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, շարունակում է բարձրաձայնել ամուսնու առողջական վիճակի և ՔԿՀ-ում նրա նկատմամբ իրականացվող անարդարությունների մասին:

Դատապարտյալի կինը Armlur.am-ին հայտնեց, որ կրկին խնդրանքով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորների, որպեսզի ինչ որ կերպ միջամտեն և անլուծելի հարցին օգնեն լուծում տալ:

«Ամուսինս Արթիկում կիսափակ տիպի ռեժիմով է կրում պատիժը, բայց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանը, ապօրինի ցուցում ստանալով, ամուսնուս փոխել է փակ ռեժիմի: Ամուսնուս միտումնավոր են պահում այնտեղ, որպեսզի հրաժարվի իրեն հասանելիք բուժումը ստանալուց: Ու հիշեցնում եմ, որ Արտակը «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալ Աղասի Խաչատրյանի հանցագործությունների մասին բազմիցս բարձրաձայնել է, ինչի պատճառով էլ անօրինականությունները նրա դեմ չեն դադարում»,- մեզ հետ զրույցում վրդովված ասաց «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալի կինը` հավելելով, որ իր ամուսինը, ի տարբերություն մյուս դատապարտյալների, դուրս է վախի մթնոլորտից և կարողանում է խոսել իր խնդիրների մասին, որոնք սակայն լուծում չեն ստանում:

Կարինե Հակոբյանի փոխանցմամբ` Աղասի և Արամ Խաչատրյանները մոտ ընկերներ են, ինչն էլ ամուսնու դեմ իրականացվող անօրինականությունների պատճառ է դարձել:

«Ամուսինս անմարդկային պայմաններում է մնում: 25 սանտիմետրանոց ուռուցքը կարճ ժամանակում 40 է դարձել: Ամուսինս դիմում-խնդրանքով դիմել է պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանին, Մարգարիտ Եսայանին, Արփինե Հովհաննիսյանին, Վահե Հովհաննիսյանին, Վահան Բաբայանին, Ալեքսանդր Արզումանյանին, Արամ Մանուկյանին, Լյուդմիլա Սարգսյանին, Ռուբեն Հակոբյանին, Միքայել Մելքումյանին, Էդմոն Մարուքյանին: Ամուսինս հերթական անգամ դիմում է գրել Գևորգ Կոստանյանին ու Սերժ Սարգսյանին»,- շարունակելով խոսքն` ասաց Կարինե Հակոբյանը:

Վերջինս համազված է, որ ՔԿՀ աշխատակիցները խոչընդոտում են ամուսնու բուժմանը` ապօրինի պատվեր կատարելով:

Տաթև Հարությունյան




Լրահոս