Կառավարությունն իր այսօրվա նիստում մերժեց ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի և Ստեփան Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նշենք, որ ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է նախորդ տարվա արդյունքներով մինչև 100 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ կառավարությունը ներկայացված նախագծի ընդունումը նպատակահարմար չի համարում և բերեց իր նկատառումները.
«Նախորդ տարվա արդյունքներով մինչև 100.0 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողների մի մասը, որոնք բավարարում են պայմանները` 013 թվականի դեկտեմբերի 1-ից արդեն իսկ ներդրել են նոր սերնդի ՀԴՄ-ներ: Բոլոր հարկ վճարողների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը կարևորվում է՝ ելնելով մի շարք հանգամանքներից՝ նախ, նոր սերնդի ՀԴՄ-ները բազմաֆունկցիոնալ են», – նշված է եզրակացության մեջ:
Միաժամանակ Ֆինանսների նախարարն անդրադարձավ օրենքի անհրաժեշտության հիմնավորմանը.
«Հիմնավորման մեջ նշվում է, որ ՓՄՁ-ների համար լրացուցիչ ծախսային բեռ է նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերումը: Հաշվի առնելով նշվածը՝ ներկայումս քննարկվում և գնահատվում են ՓՄՁ ոլորտում առավել խոցելի հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների արտոնյալ պայմաններով ձեռքբերման հնարավորությունները: Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը», – ասված է եզրակացության մեջ: