«Բանդայի գործով» ամբաստանյալի ցուցմունքներում հակասություննե՞ր կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, կայացավ հայտնի «բանդայի» գործով հերթական դատական նիստը:

Նիստին ցուցմունք տված ամբաստանյալ Արթուր Մանուկյանը նշեց, որ իրեն ձերբակալելուց 2 օր անց իր տված ցուցմունքը գրել է 2 օր խոշտանգումների ենթարկվելուց հետո: Մանուկյանը հայտարարեց, թե  «դույլը  հագցրել են իր գլխին և դուբինկայով հարվածել թե՛ գլխին և թե՛ ոտքերի տակ»:

Մեղադրողի այն հարցին, թե, արդյոք, տեսել է իրեն խոշտանգողներին` ամբաստանյալը նշեց, որ նրանք դիմակավորված են եղել, սակայն տեսել է նրանցից մեկի դեմքը, բայց անունը չգիտի: Ինչ վերաբերում է «բանդայի» անդամներին, ապա Մանուկյանը նշեց, որ նրանցից ոչ մեկի չի ճանաչել և նրանց հետ որևէ առնչություն չի ունեցել:

Գործով դատապարատյալը նշել է նաև, որ իրեն ձերբակալելուց հետո 1 տարի շարունակ գտնվել է ԱԱԾ-ում՝ զրկված լինելով հարազատների հետ տեսակցություններից և հեռախոսազանգերից:

Նախագահողը երեկվա կայացած նիստին հայտարարեց, թե ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան, և որ հաջորդ դատական նիստին կշարունակվի ամբաստանյալի հարցաքննությունը, ինչպես նաև կհրապարակվի նրա նախաքննական ցուցմունքը:

Armlur.am-ի հետ զրույցում ամբաստանյալ Արթուր Մանուկյանի պաշտպանը` Ռաֆիկ Սաֆարյանը, նշեց, որ գաղափար անգամ չունի, թե Մակյանը որ հատվածում է նկատել հակասությունները:

«Չեմ կարող ենթադրել, թե ինչ հակասությունների մասին է խոսքը: Հաջորդ նիստին կհրապարակվի նախաքննական ցուցմունքը, և կկարողանանք հասկանալ` որտեղ են էական հակասությունները: Այս պահին չեմ կարող ասել` որտեղ է նախագահողը դրանք տեսել»,- մեզ հետ զրույցում ասաց Ռաֆիկ Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Արթուր Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի սեպտեմբերին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրով, 5,45մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի «ԱՎ 312939. համարի ինքնաձիգով, 7,62մմ տրամաչափի «ՏՕԶ-49» տեսակի «ԻՔՍ-Ն 1105» համարի թմբուկավոր ատրճանակով, 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «ՍԿ 3540 Պ» համարի ատրճանակով, 7,62մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի «ՕԳ 34» համարի ատրճանակով, նույն տրամաչափի «ՏՏ» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակով, «ԲԼՈՈւ Ց 06» տեսակի «7-012348» համարի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակով և դրանցից կրակոցներ արձակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով զինված, կայուն կազմակերպված խմբին` բանդային, ապա բանդայի կազմում մասնակցել է 2011 թվականի սեպտեմբերի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:




Լրահոս