Էնտերովիրուսային վարակների դեպքերը եզակի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզատանում եւ այլուր գրանցվել են բռնկումներ:

Հայաստանի Հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտների հիվանդացության աշխուժացում: 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին արձանագրվել է սուր մենինգիտների 38 դեպք: Հիվանդությունն ունենում է սուր սկիզբ` բարձր ջերմություն, անտանելի գլխացավ, ընդհանուր թուլություն, անզուսպ փսխումներ: Հատկանշական է հիվանդների արագ ապաքինումը` առավելագույնը հոսպիտալացվում են 10 օր: Մեզանում դեպքերը գրանցվել են մինչեւ 18 տարեկանների շրջանում, գերազանցապես` 3-8 տարիքային խմբում:

Հիվանդացման դեպքերը եզակի են, խմբակային դեպքեր չեն գրանցվել: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ` էնտերովիրուսային վարակների բռնկումները կանխելու եւ հիվանդացության վերահսկման նպատակով: Իրականացվում է յուրաքանչյուր կասկածելի դեպքի համաճարակաբանական հետազոտություն, կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է հսկողություն, օջախում իրականացվում է ախտահանում: Մանկական նախադպրոցական, ամառային հանգստի, մշտադիտարկում է իրականացվում հատուկ կրթական կազմակերպություններում, մանկատներում` կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով:

Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնութագրվում են տենդով եւ բազմազան կլինիկական ախտանշաններով` պայմանավորված կենտրոնական նյարդային, սրտանոթային, ստամոքսաղիքային, մկանային, շնչառական եւ այլ համակարգերի ախատահարումով: Էնտերովիրուսային վարակները գերազանցապես ընթանում են անախտանիշ: Էնտերովիրուսները կայուն են արտաքին միջավայրում` մակերեսային ջրամբարների ջրերում եւ խոնավ հողում կարող են պահպանվել մինչեւ 2 ամիս: Տարիքային եւ սեզոնային որեւէ օրինաչափություն չկա. հիվանդանում են բոլորը, տարվա բոլոր եղանակներին: Էնտերովիրուսների մեկ այլ առանձնահատկությունը տարածման մեխանիզմի բազմազանությունն է: Էնտերովիրուսային վարակների փոխանցումն իրականացվում է կղանքա-բերանային մեխանիզմներով` (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) եւ աէրոզոլային (օդակաթիլային եւ փոշու միջոցով): Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել էնտերովիրուսներով՝ հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է`

• պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, հազի եւ փռշտալու հիգիենան),

• միրգը եւ բանջարեղենը լավ լվանալ,

• խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,

• բնակարանը հաճախակի օդափոխել եւ խոնավ մաքրել։




Լրահոս