ՈՐԱԿՅԱԼ ԿԱԴՐԵՐ
ՊԵԿ-ի հետ միավորված Ֆինանսների նախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել՝ հասարակությանը համոզելու, թե միավորման արդյունքում աշխատանքից ազատվողների թիվը շատ քիչ է: Հաղորդագրությամբ փորձել են համոզել, թե աշխատանքից ազատվել է նախարարության ոչ թե 100 եւ ավելի, այլ՝ 30 աշխատակից: Բացի այդ, ըստ հայտարարության. «Ֆինանսների նախարարության կադրային նոր քաղաքականության շուրջ արհեստականորեն խրախուսվող աժիոտաժը հարկադրում է հիշեցնել, որ որակյալ աշխատանքը կատարում են որակյալ կադրերը: Այս տրամաբանությունն է եղել ՊԵԿ-ի՝ 6 տարիների գործունեության հիմքում»: Այլ կերպ ասած, ֆիննախն անուղղակի կերպով հասկացնում է, որ ՊԵԿ-ի կադրերն ամենաորակյալն են, ֆիննախինը՝ անորակ: Իհարկե, այդպես է, հատկապես եթե նկատի ունենաք վերջին նշանակումները, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսաներից Վովա Թամրազյանը նշանակվեց «Զվարթնոց» մաքսատան պետ, իսկ Վահան Մանուկյանը՝ Շենգավիթի հարկային տեսչության պետ: Ահա՝ ովքեր են որակյալ կադրերը։
ՉԷԻՆ ՀԱՍՑՐԵԼ
Քառյակը երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցությունում նիստ է գումարել, որտեղ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննարկվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ կառավարության օրենսդրական նոր նախագծի՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ միասնական դիրքորոշում ձեւավորելու, ինչպես նաեւ գազի հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցեր: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, քանի որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին հայտարարվեց, երբ Քառյակն արդեն ներկայացրել էր իր 12 կետերը, հիմա անհրաժեշտություն կա առանձին անդրադառնալու այդ հարցին: Չի բացառվում, որ Քառյակը 12 պահանջներին ավելացնի եւս մեկը՝ կապված սակագների հետ: Նշենք, որ Քառյակի երեկվա նիստին մասնակցել են նաեւ «Դեմ եմ» շարժման ակտիվիստները:
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ ՉՈՒՆԻ
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի քանդման հարցը դեռեւս անհայտ է: Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալ հին ուղեւորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Հանրային խորհուրդը, հաշվի առնելով հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումներն ու հանրային կարծիքը, դեմ էր արտահայտվել «Զվարթնոց»-ի հին շենքը քանդելու առաջարկին: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանից պարզել, թե, ի վերջո, ինչ որոշում է կայացվել շենքի քանդման հարցում: «Ես ինֆորմացիա չունեմ»,-հայտարարեց մեր զրուցակիցն ու անջատեց հեռախոսը: