ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` «ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-ի առավոտյան «Միկա-ցեմենտ»-ի 300-ից ավելի աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել գործարանի բակում` պահանջելով իրենց 7 ամսվա աշխատավարձերը, որոնք գործարանի տնօրինությունը խոստացել էր մարել մինչեւ հունիսի 15-ը: Նախկինում Միխայիլ Բաղդասարովին պատկանող, իսկ ներկայում ՎՏԲ բանկի սեփականությանն անցած գործարանի աշխատողների խոսքերով՝ արդեն 4-րդ մարդն է, ով կաթված է ստանում աշխատավարձի պատճառով:

«Ժողովուրդ»-ը զրուցեց Սերոբ Շառոյանի հետ, ով, ըստ տարածված լուրերի, գործարանը ՎՏԲ բանկից գնողների ներկայացուցիչն է եւ ներկայում գործարանի գլխավոր մեխանիկը: Նա չհերքեց իրենց կողմից գործարանը գնելու մտադրությունը, սակայն նշեց, որ դեռ պետք է հստակեցնել շատ հարցեր, այդ թվում՝ թե ով է վճարելու գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը: Ըստ նրա` այդ հարցում առայժմ բանկի հետ համաձայնության չեն եկել:
Նշենք, որ գործարանի ներկայիս տնօրինությունն անտարբեր էր բակում կատարվող իրադարձությանը: Բայց այս անգամ աշխատողներին էին միացել գործարանի պահակախումբն ու ցեխի պետերը: Քանի որ գործարանը պատկանում է ՎՏԲ բանկին, հեռախոսակապ հաստատեցինք բանկի կողմից գործարանի կառավարիչ նշանակված Արթուր Մուրադյանի հետ: Կառավարիչը տեղյակ էր իրավիճակին, սակայն ինչպես ինքն ասաց՝ գործարան չի շտապում, քանի որ կարեւոր այլ գործեր ունի: Մեր այն հարցին, թե, ի վերջո, ինչ է լինելու աշխատողների աշխատավարձերի հարցը` Ա. Մուրադյանը պատասխանեց, որ խոստանում է այս երկու օրը գործարանի ճակատագրի հարցը լուծել. կա՛մ վերջնականապես վաճառել, կա՛ մ պարտքերը վերցնել իրենց վրա:
Նշենք,որ աշխատողներին չբավարարեց այս պատասխանը եւ նրանք որոշեցին այսօրվանից գործադուլ անել՝ իրենց բողոքը հասցնելով մինչեւ մարզպետարանի բակ, որպեսզի գործին միջամտի Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան




Լրահոս