«Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում տպագրված հարցազրույցում ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ խոսեց իր քաղաքական հայացքների մասին: Հիմա ավելի մանրամասն կտեղեկանանք նրա դիրքորոշմանն ու կհասկանանք, թե որ կուսակցությանն է նա տալու իր ձայնը, կիմանանք նաեւ, թե որն է եղել դերասանի ամենավերջին ուրախությունը:
-Մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններին ո՞ւմ եք ընտրելու:
-Ես ոչ մի կուսակցության մեջ չկամ, նույնիսկ համակրելով Սերժ Սարգսյանին` չեմ գնացել Հանրապետական: Կընտրեմ այն կուսակցությանը, որը կղեկավարի գործող նախագահը:
-Իսկ ինչո՞ւ ոչ ընդդիմություն կամ այլ կուսակցություն:
-Հիմա ասեմ: Ես ապրել եմ միայն Հայաստանում, մի օր անգամ չեմ բացակայել այլ տեղ ապրելու միտումով: Չեմ գնացել նույնիսկ վատթար տարիներին: Անկախության առաջին իսկ օրվանից այստեղ եմ: Իմ ընտանիքը ես կազմել եմ 1988 թվականին, 1989-ին ծնվել է իմ առաջնեկը, եւ այդ ամբողջ դաժան տարիները` մութ, ցուրտ, այդ կոշմարը ես ապրել եմ: Էլ չեմ ասում մեր տան աշխարհագրական դիրքի մասին, ինձ պետք չէր միտինգի գնալ, միտինգն էր գալիս մեր տուն: Մենք ապրում ենք Մատենադարանի հարեւանությամբ: Մեր պատշգամբը, հումորով ասած, ամենաթանկ տեղերից էր: Ամեն ինչ ուղղակիորեն իմ աչքի առաջ է կատարվել: Ես իմ աչքերով եմ տեսել, երբ ժողովուրդը, բռունցք արած, գոռում էր` «միացում»: Իմ երեխան բարուրի մեջ թռնում էր տեղից միայն այդ ձայնի վիբրացիայից: Այդ ամեն ինչը տեսել ու զգացել եմ մաշկիս վրա, բայց այդ տարիներին կային մարդիկ, որ բացարձակ անխնդիր ու կուշտ փորով ապրում էին իրենց դղյակներում: Իսկ իմ մայրն առավոտյան 6-ին արթնանում էր, կանիստրներով գնում էր, որպեսզի նավթը բերի, ու մենք կարողանանք տանն իմ ծնված փոքրիկ երեխային տաքացնել, որ չսառչի: Ծառ չեմ կտրել, բայց գիրք եմ վառել, դասականներին եմ այրել, որպեսզի իմ երեխան ապրի:
-Ո՞ւմ նկատի ունեիք` ասելով, որ այն ժամանակ շատ լավ էին ապրում:
-Կոնկրետ անուններ չեմ ասի: Բայց պետք չէ հիմա հրեշտակի թեւերով գալ ու ասել` մենք ինչ-որ բան ենք ուզում փոխել: Չեմ ասում, որ այն տարիներին նույն թատրոններում անգամ աշխատավարձ չկար` լոբի, բրինձ ու օգնության չգիտեմ ինչեր էին բաժանում: Բայց մի օր ո՛չ ես, ո՛չ էլ կինս չենք թողել մեր մասնագիտությունը: Ապրել ենք այդպես, տքնել ենք, տանջվել հույսով, որ վաղը լավ է լինելու, տաք է լինելու, լույս, հույս ու հավատ է լինելու:
-Արդարացե՞լ են Ձեր սպասումները:
-Լիովին՝ ո՛չ: Այսօր մեր երկրում շատ հարցեր կան, որ լուծման կարիք ունեն: Բայց եկե՛ք արդարացիորեն նաեւ համաձայնենք, որ այն տարիների նման չէ, լիքը հաջողություններ ենք ունեցել, առաջ ենք գնացել: Այն ժամանակ էլ էին գնում, այսօր էլ են գնում: Գիտեք, մի բան եմ նկատել: Մենք շատ ենք քաղաքականացված: Եվրոպայում մոտենաս հասարակ քաղաքացու, հարցնես` վարչապետդ ով է, կարող է անունն էլ չիմանա, իրեն հետաքրքիր չէ, ինքը պիտի աշխատի էնտեղ հանուն ազգի, իր բարեկեցության: Իսկ մենք այսօր ժեկի պետերին էլ գիտենք, թաղապետերին էլ, գիտենք, թե ով ում աներձագն ու բաջանաղն է, ով ում սանիկը:
-Ի՞նչն է Ձեզ ցավեցնում այսօրվա իրականության մեջ:
-Այն, որ չարություն ու նախանձ կա, իրար վարկաբեկելու ցանկություն կա, ու կապ չունի` որ ոլորտում: Մի բանից էլ եմ նեղվում, երբ ասում են` էլ չի լինի Արամ Խաչատրյան, Հրաչյա Ներսիսյան… Ի՞նչ է, հայ ազգի մայր արգանդը չորացա՞վ: Մենք ունենք Լեւոն Արոնյան, մյուսը, մյուսը… Պետք է հարց տալ, թե ինչու չկան: Իմ բազմաթիվ ընկերներ գնացել են դեռ շատ երիտասարդ տարիքում, ի՞նչ իմանայիր, կարող է նրանցից մեկը հենց ապագա Արամ Խաչատրյա՞նն էր: Երբ Հրաչյա Ներսիսյանը` 20 տարեկան, ման էր գալիս Երեւանի փողոցում, ո՞վ գիտեր, որ դա Հրաչն ա, մեծագույն արտիստը հայ ազգի: Մեր ազգը չպետք է վատ լինի, հետ քայլելու տեղ չունենք: Քանի որ մոտակա 2 տարիներն ընտրությունների շրջան է, մեզ համար շատ կարեւոր հարցեր պետք է լուծվեն: Կոչ եմ անում առանց վայրիվերումների, հեղափոխությունների, արյան, ցնցումների անցնել: Խելամիտ, խոհեմ, իսկապես արդար ու ազնիվ ընտրություններ թող լինեն: Մեր ձեռքին է ամեն ինչ: Հո այլմոլորակայինները չե՞ն գալու ու դա ապահովեն:
-Հավատո՞ւմ եք Ձեր ասած մաքուր ու արդար ընտրություններին:
-Այո՛, հավատում եմ, ես ինձ եմ հավատում: Ինքս չեմ գնա կեղծի:
-5000 դրամով Ձեր ձայնը չե՞ք վաճառի:
-Ի՞նչ 5000 դրամ, ես խիղճս ո՞նց վաճառեմ: Կգնամ, այդ փողն ուրիշ տեղ կաշխատեմ, բեռնակիր կլինեմ, բեռնատար կքշեմ, բայց իմ խիղճը չեմ վաճառի:
-Ինչպիսի՞ն կլինի մեր վաղվա օրը:
-Իմ փոքր աղջիկը` Մանեն, դեռ 8 տարեկան է: Եթե 8 տարի առաջ տայիք այս հարցը, ես կասեի, որ բան չի փոխվել: Դեռ այն ժամանակ որոշեցինք եւս մի անդամով համալրել մեր ընտանիքը, եթե գործերը շատ չլինեին, մենք երրորդի մասին էլ կմտածեինք: Դա արդեն պատասխան չէ՞: Ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:
Ամենավերջին ուրախությունս էլ այն էր, որ Աբովյան փողոցից հանեցին այդ խանութները: Քաղաքի այդ հատվածում են անցել մանկության իմ տարիները: Ո՞նց կարելի էր բերել ու մայթի վրա խանութներ դնել, որ հետիոտնի համար անցնելու տեղ չլինի: Բա դա մե՞նք չենք անում: Ինչ-որ Հայաստանում կատարվում է, մենք ենք անում, մեր խնամու ախպերը կամ նրա բաջանաղն է անում, ու ոչ մեկի վրա պետք չէ գցել այդ ամենը:
«ԽԻՂՃՍ Ո՞ՆՑ ՎԱՃԱՌԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ