Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի ծննդյան 70-ամյակին նվիրված՝ «Սիրված Արտիստը, Մարդը, Հայը» խորագրով հուշ-երեկոն:
Այն նախաձեռնել է «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությունը՝ Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:
Իհարկե, կհնչեն հիշատակի, մեծարանքի խոսքեր, կներկայացվեն հատվածներ նրա մասնակցությամբ ներկայացումներից, կինոնկարներից… Իսկ մենք խնդրեցինք իր ավագ խաղընկերոջ մասին խոսք ասել ՀՀ վաստակավոր արտիստ Ալբերտ Սաֆարյանին. «Վերջերս խաղում էինք «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը, որտեղ Ազատ Գասպարյանը բավականին հետաքրքիր մասնակցություն ուներ։ Եվ խաղընկերները հիշում էին նրան, հուշեր պատմում… Բոլորս մասնակից ենք եղել նրա հուղարկավորությանը, բայց ոչ մի կերպ չեմ հավատում այն փաստին, որ նա չկա։ Այնքան ժիր ու կյանքը սիրող, կյանքով լեցուն մարդ էր… Պարզ է, որ իրեն ուրիշն է փոխարինել, բայց ինձ թվում է՝ Ազատը պարզապես չորս օրով թռել է, ասենք, Ավստրալիա կամ Մոսկվա եւ շուտով կվերադառնա, կբացի դուռը… Իսկ «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացման մեջ միասին էինք խաղում, եւ հիմա ես նրա մարմնավորած դերն եմ կատարում… Ազատը մեծ կապեր ուներ, բայց այդ կապերն օգտագործում էր ազնիվ ճանապարհներով, օգնության ձեռք էր մեկնում թե՛ ինձ, թե՛ մյուսներին»:
Մեր զրուցակիցը ցավով նկատեց, որ շատ տխուր է առանց Ազատի, եւ կարծես հետաքրքիր, յուրատեսակ բան է պակասել թատրոնից, նաեւ մայրաքաղաքից. «Վերջերս Չարենցին նվիրված միջոցառում էր, եւ առաջին անգամն էր, որ Ազատը չէր մասնակցում։ Այդ օրը շատ տխուր անցավ։ Նա մեր ժամանակի Չարենցն էր կարծես, ասոցացվում էր Չարենցի հետ, ու դա պատահական չէր։ Կյանքով, հոգով տրվել էր Չարենցին, եւ հատկապես «Երկունքը» ֆիլմում նրա դերակատարումը պարզապես կատարյալ է, հանճարեղ, անկրկնելի։ Չգիտեմ, թե նրա հուշ-երեկոյին ում բերանից կհնչեն այս եւ այլ խոսքեր, բայց համոզված եմ, որ Ազատ Գասպարյանը, նրա հոգին կլսի այդ ամենը, ու ես եւս մեկ անգամ ծափահարում եմ նրան այդ դերի համար»։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ