Նախաքննական մարմինը պարզել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ, փոխգնդապետ 46-ամյա Պարգև Մանուկյանն իր անձնական կարիքների համար օգտագործելու նպատակով հանձնարարել է իր ենթակային՝ նույն զորամասի նյութական ապահովման դասակի ՎՔՆ պահեստի պետ, ենթասպա 38-ամյա Կարեն Հակոբյանին, զորամասի պահեստից ավտոբենզին դուրս գրել և լցնել նրա անձնական օգտագործման ավտոմեքենայում գտնվող 5 պլաստմասե տարաների մեջ:
Հակոբյանն էլ կատարել է վերադասի հանձնարարությունը:
Բացի այդ՝ Կ. Հակոբյանը, պատասխանատու լինելով իրեն վստահված նյութական միջոցների, պակասորդները բացառելու, ինչպես նաև՝ նյութական միջոցների պահպանման համար, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, կատարելով զորամասի հրամանատարի բանավոր հանձնարարությունը, փորձել է արդեն դուրս գրված և իրեն վստահված զգալի չափի ավտոբենզինն ավտոմեքենայով տեղափոխել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գտնվող իր ավտոտնակ՝ հետագայում այն Պ. Մանուկյանին հանձնելու նպատակով:
Կ. Հակոբյանը հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Պռոշյան գյուղում հայտնաբերվել է Աշտարակի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից:
Armlur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկանում է, որ Պարգև Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը), իսկ Կարեն Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը) և 34-179 –րդ հոդվածի 1-ին (հանցափորձ):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը: