Վերջերս ԱՄՆ-ում դեսպան նշանակված նախկին վարչապետի դեմ Միացյալ Նահանգներում և համացանցում բողոքի ալիք է հասունանում:
Ամեն ինչ սկսվեց Սերժ Սարգսյանի կատարած նշանակումից, և ամերիկաբնակ հայերը նոր միայն հասկացան, որ ՀՀ տնտեսությունը հետևողականորեն ավերած Տ. Սարգսյանն անելիք չունի օվկիանոսից այն կողմ: Եթե նույնիսկ նորանշանակ դեսպանին քաղաքական ու տնտեսական վնասատու համարենք, ապա նրա վնասարարությունը վարչապետի աթոռին նստած ժամանակ հաստատ ավելի մեծ է եղել, քան դեսպանի պաշտոնում կարող է լինել:
Օֆշորի, Կենտրոնական բանկի ոսկու վաճառքի, «Նաիրիտի» (ամբողջը չթվարկենք) հիմնական հեղինակն ու մեղավորին հաստատ ամերիկաբնակ հայերը մինչև հիմա հիշելու ու ըստ արժանվույն գնահատելու հնարավորություն բազմիցս են ունեցել: Ավելին, վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո, երբ Տ. Սարգսյանը գործազուրկ էր, նրան երրորդ երկիր արտաքսելու կամ երբևէ որևէ պաշտոնում չնշանակելու թեման բացարձակապես չէր հուզում այսօր նրան ԱՄՆ-ից արտաքսել ցանկացողներին:
Եվ ուրեմն ինչ է ստացվում. մինչև Տ. Սարգսյանը, դեսպանի մանդատը գրպանում, ԱՄՆ չհասավ, նրա՝ ով և ինչ լինելը տեղի հասրարակական շրջանակները չգիտակցեցին: Նախկին վարչապետը մահացու մեղքեր, իհարկե, շատ ունի, բայց կարո՞ղ ենք ասել, որ ազնիվ է նրա դեմ պայքարը: Բնականաբար, ոչ:
Դավիթ Վանեսյան