Լևոն Հայրապետյանն այս իշխանությունների կոկորդում ոսկոր էր. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ԳՄ նիստից առաջ պատասխանելով Լևոն Հայրապետյանի ձերբակալության հետ կապված լրագրողների հարցին` երեկ խիստ ուշագրավ հայտարարություն է արել` ասելով.«ՙԵթե մարդիկ օրենք են խախտում և կալանավորվում են, մենք ի±նչ կարող ենք անել»: Լրագրողների տարակուսանքից հետո, թե որտեղից գիտի, որ Լևոն Հայրապետյանը օրենք է խախտել, վարչապետը՝ զգալով, որ լուրջ սխալ է թույլ տվել, նախ և առաջ խախտելով մարդու անմեղության կանխավարկածը, փորձել է արդարանալ` սրբագրելով վայրկյաններ առաջ ասածը:

Անկեղծ ասած` բավականին տխուր տեսարան էր նախ այն, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը նման տարրական հարցում այդպիսի կիքս է թույլ տալիս, սակայն է՛լ ավելի տխուր էր այն շողացող, գրեթե հրճվանքի հասնող ժպիտը, որով Հովիկ Աբրահամյանը ռուս իրավապահներից առաջ ընկնելով հայտարարում էր, թե Լևոն Հայրապետյանն օրենք է խախտել: Ի վերջո` խոսքը հայազգի մեծ բարերարի մասին է, ով տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դոլարների բարեգործական ծրագրեր է իրականացրել Ղարաբաղում, ընդ որում` առանց այդ մասին տարփողելու, ով զգալի մշակութային-բարեգործական նախագծեր է հովանավորել նաև Հայաստանում, ով ողջ աշխարհով մեկ իր կապերն օգտագործելով` լոբբինգ է արել Ղարաբաղի անկախության և Ցեղասպանության ճանաչման օգտին` այդ նպատակով անգամ հանդիպելով ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի հետ:

Հ. Աբրահամյանի անթաքույց ուրախությունը, սակայն, կարելի է հասկանալ, եթե հիշենք, թե Հայրապետյանն ինչպես էր արտահայտվում երկիրն արնաքամ անող օլիգարխների և իշխանությունների մասին: Նա, հիշեցնենք, նախորդ տարի հայտարարեց, թե Հայաստանում իշխանափոխությունը պետք է տեղի ունենա 20 րոպեում, իսկ մարդկանց թոշակները 6 դոլարով բարձրացնելու փոխարեն պետք է երկրի արտաքին պարտքը մարեն Հայաստանը թալանած օլիգարխները, և այդ դեպքում արդեն թոշակները կբարձրացվեն 100 դոլարով: Նա նաև առաջարկում էր իրականացնել «Ցուցակ» օպերացիան` ստիպելով, որ Հայաստանից արտագաղթեն ոչ թե հուսահատված քաղաքացիները, այլ «արհեստական օլիգարխները»: Իսկ վերջերս էլ Հայրապետյանը բառացիորեն հայհոյել էր Սերժ Սարգսյանին` ասելով. «Դրսից նայելիս, թե ինչ է կատարվում Հայաստանում, մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում»:

Ասել է թե` ՀՀ օլիգարխիկ իշխանությունների համար Հայրապետյանի կալանավորումը սպասված և ուրախալի լուր էր: Եվ նրանց համար միանգամայն անկարևոր է, թե նա ինչպիսի վաստակ ունի ԼՂՀ կայացման հարցում: Հայրապետյանը խախտել է կանոնը. նա դեմ է գնացել համակարգին: Ճիշտ նույնկերպ կանոնը խախտել էր նաև սոցիալական արդարություն պահանջող պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ով երեկ դատապարտվեց վեց տարվա ազատազրկման` ի տես մնացած ազատամարտիկների:




Լրահոս