Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրողների միության անդամները խորապես ցնցված են անվանի գործարար ու բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորման կապակցությամբ:
Լեւոն Հայրապետյանը եզակի անձնավորություն է, մաքուր, անբասիր, անարատ կենսագրության տեր, անմնացորդ ձևով նվիրված իր երկրին, իր ժողովրդին: Նա իր ժամանակի հերոսն է` բառի ամենախորը իմաստով: Նա պատկանում է այն մարդկանց թվին, ում մեջ շրջապատին օգնելու, կարիքավորին ձեռք մեկնելու հատկանիշը տրված է գենով: Նա հայտնի է իր մեկենասությամբ, հանուն բարի գործի արված պատկառելի ներդրումներով, հայրենաշեն բազում ձեռնարկումներով:
Անուրանալի է Լևոն Հայրապետյանի դերն այսօր հայրենի Վանք գյուղի շենացման, Արցախի հզորացման գործում: Վերջերս էլ նախաձեռնել է Արցախում ռազմական ակադեմիա հիմնադրելու գործը: Ահա այս և նման հայրենանվեր գործերի համար է, որ Ադրբեջանի և հակահայկական ուժերի թիրախն է դարձել մեր մեծ հայրենակից Լևոն Հայրապետյանը:
ԼՂՀ գրողների միությունը, ելնելով այն հանգամանքից, որ շաքարային դիաբետով տառապող Լեւոն Հայրապետյանը լյարդի ծանր վիրահատություն է տարել, եւ կալանքի տակ գտնվելը լրջորեն վտանգում է նրա առողջությունը, խնդրում է ՌԴ իրավապահ մարմիններին՝ փոխել Հայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը:
Համոզված ենք, որ անաչառ քննություն կատարելու դեպքում կհաստատվի Լեւոն Հայրապետյանի անմեղությունը:
ԼՂՀ գրողների միության վարչություն