ԻՐԱՐ ԱՐԺԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քոչարյան-Սարգսյան հեռակա բանավեճի շուրջ արդեն իսկ հնչել են ամենատարբեր մեկնաբանություններ` սկսած Քոչարյանի` առաջիկայում քաղաքականություն վերադառնալու ցանկությունից, ավարտած զուտ միջանձնային հարաբերությունների պարզաբանմամբ: Չբացառելով ո’չ մեկը եւ ո’չ էլ մյուսը, ավելին` միանգամայն հավանական համարելով այդ երկուսի համատեղումը, նկատենք, որ երկու կողմի հնչեցրած քննադատությունն էլ կարելի էր միանգամայն հիմնավոր համարել, եթե մի պահ մոռանայինք, թե ովքեր են հեղինակները: Սակայն քանի որ թե’ Ռ. Քոչարյանը, թե’ Տ. Սարգսյանը մեղքի շատ մեծ բաժին ունեն երկրի ներկայիս տնտեսաքաղաքական վիճակի համար, նրանց ներկայացրած եւ ոչ մի փաստարկ չի կարող ընդունելի լինել:
«Ես չեմ կարող անտարբերությամբ նայել երկրում կուտակվող խնդիրներին եւ անկեղծ արտահայտում եմ իմ վերաբերմունքը դրանց»,-ասում է Քոչարյանը: Սակայն արդյոք այդպես է: Ի՞նչն էր, օրինակ, խանգարում, որպեսզի նա գազային խայտառակ համաձայնագրի մասին իր մտահոգությունները հնչեցներ ոչ թե պոստֆակտում` համաձայնագրի վավերացումից հետո, այլ ավելի վաղ երբ այն քննարկվում էր ԱԺ-ում: Եթե Քոչարյանն անկեղծ է իր մտահոգություններում, արդյոք ավելի արդյունավետ չէր լինի հենց այդ փուլում խոսելը, երբ միգուցե եւ նրա խոսքը կարող էր էական նշանակություն ունենալ: Քոչարյանը, որը բացահայտ հայտարարեց, թե ՀՀԿ-ականների ցուցակները անուն առ անուն ժամանակին կազմվել են անձամբ իր կողմից, ցանկության դեպքում կարող էր իր երբեմնի հենարանին մեսիջ ուղարկել, թե` մի’ վավերացրեք այդ համաձայնագիրը: Նման բան, սակայն, նա չարեց` շատ պարզ պատճառով. որքան վատ` այնքան լավ իր վերադարձի համար: Հետեւաբար, եթե անգամ կային անկեղծ մտահոգություններ, ապա բոլորովին էլ ոչ ՀՀ էներգետիկ ապագայի շորջ:
Եվ կամ` Մաքսային միությանն անդամակցության հարցում: Դեռեւս սեպտեմբերի 6-ին Վիկտոր Սողոմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ Քոչարյանն առաջիկայում կարտահայտի իր տեսակետն այդ խնդրի շուրջ: Սակայն, ինչպես տեսանք, դրա փոխարեն պաշտոնաթող նախագահը զբաղված է իր գործունեությունը քննադատել համարձակված նախկին ԿԲ նախագահին տնտեսագիտական դասախոսություններ կարդալով:
Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի հիմնավորումներին եւ ներկայացրած թվերին, ապա դրանք, չնայած գեղեցիկ փաթեթավորմանը, սնանկ են, ավելի ճիշտ` վարչապետի սիրած բառով ասած`«փուչիկ»: Եվ այստեղ միանգամայն իրավացի է Ռոբերտ Քոչարյանը` նշելով. «Ցանկացած իշխանության գործունեության գնահատման գլխավոր ցուցանիշը շատ պարզ է. մարդկանց կյանքը այդ իշխանության օրոք լավացել է, թե վատացել: Այստեղ ոչ մի հնարք չի օգնի: Իրենց կենսամակարդակի մասին մարդիկ ո’չ աղյուսակներից են տեղեկանում, ո’չ էլ նկարված վիճակագրությունից»:




Լրահոս