Իսպանիան խստացրել է պատժամիջոցները օֆշորային գոտում իրենց դրամագլուխները պահող ընկերությունների նկատմամբ, տեղեկացնում է Deutsche Welle-ն: Tax Justice Network անկախ փորձագետների խմբի տվյալներով, աշխարհի օֆշորներում պահվում է Իսպանիայի քաղաքացիներին պատկանող մոտ 550 մլրդ եվրո:
Այդ պատճառով պետությունը տարեկան 88 մլրդ եվրոյի հարկեր է կորցնում, հայտնել են իսպանական Gestha հարկային ծառայության աշխատակիցները: Օֆշորային կապիտալներից ստացվելիք գումարները թույլ կտային Իսպանիային հաղթահարել բյուջետային դեֆիցիտը, որը նախորդ տարի կազմել է ՀՆԱ-ի 6,62%-ը:
Իսպանացիները սկսել են օֆշորներով «տարվել» 5 տարի առաջ, երբ պետությունը սկսեց ավելացնել հարկերը: Իրենց եկամուտներն արտասահմանում փորձել են թաքցնել նաև մշակույթի և սպորտի հայտնի դեմքեր: Պլասիդո Դոմինգոն իր հոնորարները պահել է Ջերսի կղզում (Նորմանդյան կղզիներ), իսկ նրա գործընկեր Մոնսարատ Կաբալյեն՝ Անդորրայում: