Նախարարը հնչեցրեց հերոս զինվորների անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ՀՀ պաշտպանության նախարարությունում ընթանում է նախարար Սեյրան Օհանյանի և լրագրողների միջև հանդիպումը:

Ինչպես իր ելույթում հայտնեց նախարարը, շփման գծում լարված վիճակը շարունակվում է, իսկ ադրբեջանական դիվերսիոն հարձակումների հետևանքով, ցավոք, ունենք զոհեր:

«Գիտակցե՛ք, որ այս պահին էլ առաջնագծում կանգնած են մեր հրաշալի զինվորները, ովքեր աներեր են: Մենք չենք կորցրել մեր հերոս տղաներին, նրանց անունները պետք է հնչեն ամենուր»,- ասաց Ս. Օհանյանը` հավելելով, որ իրականում մենք գտել ենք այն հերոսներին, որոնց շնորհիվ ոչ մի քայլ նահանջ չունեցանք: «Նրանց ծառայության շնորհիվ է, որ բանակն անկոտրում է»,- շարունակեց նախարարը, ապա հնչեցրեց հերոս զինվորների անունները` ջոկի հրամանատար, սերժանտ Արարատ Խամոյան, Ազատ Ասոյան, Գոռ Գրիգորյան և այլք:

Ապա ՊՆ նախարարը հայտնեց, որ հանդիպումներ են եղել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Վրաստանի դեսպանների հետ, և միջազգային հանրությունը նույնպես արդեն հայտնել է իր դիրքորոշումը:

«Ցավում եմ, որ հակառակորդի ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը: Ադրբեջանի ղեկավարությունը դարձավ ինքն իր ճշտի զոհը` սեփական ժողովրդի մոտ հայտնվելով փակուղային իրավիճակում»,- իր խոսքում նշեց նախարար Սեյրան Օհանյանը: Ապա անդրադառնալով իր պաշտոնավարման 100 օրվան` նշեց, որ այս ընթացքում հասցրել են ձմռան պայմաններից սահուն անցում կատարել ամառային պայմանների, ինչպես նաև՝ իրականացնել ամփոփիչ ստուգումներ:

«Ամփոփիչ ստուգումները ցույց տվեցին, որ մեր բոլոր զորամասերը անցել են սպառազինումների ստուգման փուլը: Մենք բացահայտել ենք բացթողումներն ու թերությունները, որոնք ունենք, դրանք շտկելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են»,- շարունակելով խոսքը` ասաց նախարարը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ ՀՀ և Ադրբեջանի համանախագահների հանդիպումից` նախարարը պատասխանեց, որ խնդիրների լուծման առաջնային տարբերակը երկխոսությունն է:




Լրահոս