Armlur.am-ը տեղեկացրել էր, որ երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում ամբողջությամբ այրվել է երկու տուն:
Այսօր մենք պարզեցինք, որ հրդեհի բռնկման պատճառ են դարձել հակառակորդի արձակած կրակոցները:
Armlur.am-ի հետ զրույցում Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ բնակիչներից մեկը տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել:
Գյուղապետի փոխանցմամբ` այս պահին վերոնշյալ գյուղացիները բնակվելու տեղ չունեն և ուրիշների բնակարաններում են գիշերել:
«Խոշոր տրամաչափի գնդակներով կրակել են, ողջ տունը հրդեհվել է՝գույքով, ամեն ինչով: Երկուսի տանտերերն էլ կենսաթոշակառուներ են: Արշալույս Գևորգյանին պատկանող հրդեհված բնակարանում 3 բնակիչ կա, իսկ Արարատ Վարդազարյանի բնակարանում` 2»,- շարունակելով խոսքը` ասաց համայնքապետը:
Այդինյանը տեղեկացրեց նաև, որ մարզպետարանին արդեն հայտնել են դեպքի մասին, և վերջինիս աշխատակիցները պետք է ուսումնասիրեն կրած վնասների չափերն ու համապատասխան քայլեր ձեռնարկեն:
«Ուղղակի ցանկանում ենք իմանալ` Հայաստանում չկա՞ն մեծահարուստներ, որ գոնե ամենքը մի տասը տոկոս ներդրում անեն, օգնեն էս մարդկանց: Միայն էտ հրդեհված բնակարանները չեն, ամեն օր գնդակոծվում են մի քանի տներ:
Ո՞նց օգնենք: Հիմա էտ մարդիկ նույնիսկ բնակվելու տեղ չունեն: Սահմանամերձ գյուղ ենք, ամեն օր տուժում ենք. հնարավոր չի՞ գոնե մի բանով կարողանանք օգնել»,- հարց ուղղեց Այգեպարի ղեկավարը: