Ինչպես արդեն տեղեկացրել էր «ժողովուրդ»-ը, հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով բնակիչները հայտնվել էին անելանելի կացության մեջ:
Վերջիններս պարբերաբար զանգահարում են Armlur.am-ի խմբագրություն` ճշտելու, թե որքան է շարունակվելու այս անորոշ վիճակը, իրենց խնդիրները երբ են որոշակի լուծում ստանալու: Քամու հետևանքով վնասվել էին բնակելի տների տանիքներն ու պատուհանները, և քաղաքացիները հայտնում էին իրենց մտահոգությունը` փաստելով, որ եղանակային անկանխատեսելի փոփոխությունների հետևանքով իրենք կարող են առանց տանիքի մնալ բառի ուղիղ իմաստով:
Armlur.am-ը զրուցեց Գեղարքունիքի մարզի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանի հետ` հասկանալու, թե երբ են Վարդենիսի բնակիչների խնդիրներն իրենց լուծումներն ունենալու:
«Քաղաքացիների վնասի չափն արձանագրվել է, և դրա հիման վրա կնքվել է պայմանագիր: Թղթային մասն արդեն առկա է, մնում է մեկ շաբաթվա ընթացում համապատասխան քանակի տանիքի թիթեղներ և պատուհանափեղկեր ձեռք բերենք և սկսենք շինարարական աշխատանքները»,- ասաց Դ. Հովհաննիսյանը:
Լուսինե Հակոբյան