Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական քննությանը այսօր նիստերի դահլիճում միջադեպ տեղի ունեցավ:
Այն ժամանակ, երբ ցուցմունք էր տալիս ամբաստանյալ Վահագն Խաչատրյանը, պաշտպան Հովիկ Արսենյանը հարց ուղղեց ամբաստանյալին, թե ծածկագիր ստանալու համար ինչ փաստաթղթեր պետք է տրամադրվեն` կենսաթոշակային վարչության եզրակացությունից բացի, նիստերի դահլիճում ներկաներն աղմուկ բարձրացրին` գոռալով պաշտպանի վրա, թե պետք չէ դատախազի ֆունկցիա կատարել: Իսկ Վազգեն Խաչիկյանի հայրը հորդորեց ամբաստանյալին չպատասխանել Հովիկ Արսենյանի հարցին. «Ասա չգիտեմ, կամ էլ ասա պաշտպանս կասի»:
Ապա Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալին բնութագրող փաստաթղթեր և տեղեկագրեր, որոնց թվում կային շնորհակալագրեր և շնորհավորագրեր ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀԿ-ի կողմից տրված:
Ըստ շնորհակալագրերի բովանդակության` Աշոտ Աբրահամյանին հուշամեդալներ են տրվել ՀՀ և ԼՂՀ մարտական գործողություններին ակտիվ մասնակցելու համար:
Դատարանը, խորհրդակցական սենյակում քննարկելով Լիպարիտ Սիմոնյանի՝ նախկինում արված միջնորդությունն այն մասին, որպեսզի նշանակվի դատաբժշկական փորձաքննություն` իմանալու համար՝ ինչ հիվանդություններով է տառապել և տառապում իր պաշտպանյալը, արդյոք այդ հիվանդությունները կյանքին վտանգ սպառնում են, նա հետագա բուժման կարիք ունի, առկա հիվանդությունների պայմաններում կարող է կալանավայրում մնալ, թե ոչ, մերժեց այն:
Դատական նիստը հետաձգվեց: