Առաջին դասարանցիների ռեկորդային քանակ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեց տարի Հայաստանում առաջին դասարան հաճախողների թիվն ավելանում է: Այս մասին է վկայում Հանրակրթությունը Հայաստանում վիճակագրական տեղեկատուն:

Armlur.am-ը տեղեկացավ, որ 2010-2011 ուստարում դպրոց է հաճախել 35 հազար 948 առաջին դասարանցի, 2011-2012-ին և 2012-2013-ին` 37 հազար: Հետաքրքիր է, որ գոյություն ունեցող արտագաղթի հետ մեկտեղ այս տարի առաջին դասարանցիների թիվը ռեկորդային է՝ 40.000:

Նշենք, որ 2012-2013 ուսումնական տարում Հայաստանում գործել է հանրակրթական ծրագրեր իրականացնող 1435 ուսումնական հաստատություն, որից 1388-ը կամ 96.7%-ը` պետական, իսկ 47-ը կամ 3.3%-ը` ոչ պետական:

2011-2012 ուսումնական տարվա համեմատ` հանրակրթական դպրոցների ընդհանուր քանակը նվազել է 0.4%-ով: Անցյալ տարի դպրոցների օպտիմալացման շրջանակներում փակվել են Երևանի թիվ 25, Գեղարքունիքում՝ Բարեպատի, Շիրակում՝ Բարձրաշենի, Վայոց Ձորում՝ Փոռի հիմնական դպրոցները, Արագածոտնում Ապարանի ֆիզմաթ վարժարանը: Շիրակում Ախուրյանի Գյուղակադեմիայի հենակետային վարժարանը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ավագ դպրոցները միավորվել են համապատասխանաբար Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան և Երևանի Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցների հետ:

Իսկ 2012-2013 ուսումնական տարում կասեցվել էր Երևանի ոչ պետական «Էթերա» տարրական դպրոցի գործունեությունը: Հայաստանում 2012-2013 ուսումնական տարում գործել են 13 մասնագիտացված (1 ոչ պետական) և 27 պետական հատուկ հանրակրթական դպրոցներ, որոնք կազմում են դպրոցների ընդհանուր թվաքանակի՝ համապատասխանաբար 0.9%-ը և 1.9%-ը: Հատուկ դպրոցներից 14-ը գտնվում են մարզերում: 2011-2012 ուսումնական տարվա համեմատ` հատուկ հանրակրթական դպրոցների ընդհանուր քանակը մնացել է անփոփոխ:

2012-2013 ուստարում Հայաստանում գործունեություն է ծավալել առանձին գործող 109 ավագ դպրոց, այդ թվում. 44-ը՝ Երևանում, 3-ը` Արագածոտնում, 4-ը` Արարատում, 6-ը` Արմավիրում, 6-ը` Գեղարքունիքում, 9-ը` Լոռիում, 12-ը` Կոտայքում, 12-ը` Շիրակում, 5-ը` Սյունիքում, 4-ը` Վայոց ձորում և 4-ը` Տավուշում:




Լրահոս