Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կատարելիք այցը Հայաստան նախատեսված էր Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի արտագնա նիստի շրջանակներում: Անդրադառնալով Մեդվեդևի հնարավոր այցին՝ այս մասին armlur.am-ին հայտնեց Կառավարության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ սույն թվականի սեպտեմբերին Երևանում նախատեսված էր Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի արտագնա նիստ՝ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների մակարդակով:
Սակայն նիստի անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կախված է մասնակից բոլոր կողմերի համաձայնությունից: «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե կա նախնական պայմանավորվածություն ՌԴ վարչապետի՝ ՀՀ կատարվելիք այցի մասին, պետք է դիտարկել հենց այս համատեքստում», – փոխանցեցին Կառավարության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողության ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ նախնական պայմանավորվածություն կա ՌԴ վարչապետի՝ Երևան կատարելիք այցի վերաբերյալ: