ՃՈՅՏԻ «ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆԵՐՆ» ՈՒ ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակոբ Հակոբյանին` Ճոյտին, դեռեւս նախորդ խորհրդարանում, որի անդամ էր նա, համարում էին հայտնի «մուտիլովչիկ»: Հիշում ենք, թե ինչպես մեծ թվով լրագրողների հավաքեց, տարավ Էջմիածին` հայտարարելով, թե սենսացիոն բացահայտումներ է անելու ՕԵԿ-ի մասին, բայց հանրահավաքի ժամանակ վախեցավ մոտենալ խոսափողին` իր փոխարեն ուղարկելով մի քանի համախոհների, որոնք վախեցած-շլմորած սկսեցին քծնել իշխանություններին, ՕԵԿ-ին` նույնպես:  
Վերջերս մամուլը գրեց. «Թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Թոռնիկ Գեւորգյանը եւ Հ. Հակոբյանը (Ճոյտ) մարտի 31-ին` ժ. 24-ի սահմաններում, խաբեությամբ տնից հանել են Արեւշատ գյուղի բնակիչ Ռոման Սահակյանին, նրան տարել Հ. Հակոբյանին պատկանող գազալցակայանի տարածք եւ ծեծի ենթարկել: Ըստ տարածված տեղեկությունների` ծեծկռտուքին մասնակցել են նաեւ Հակոբյանի որդին եւ գազալցակայանի 6 աշխատակիցներ: Մեզ հասած տեղեկություններով` ծեծի պատճառը եղել է այն, որ Ռոման Սահակյանը, որ Հակոբյանի նախկին թիմակիցներից է, այստեղ-այնտեղ հայտարարել է, թե այս ընտրություններում սատարելու է Սեյրան Սարոյանին: Այս լուրերի հետ կապված` երեկ մեկնաբանություն խնդրեցինք Հ. Հակոբյանից. «Ի՞նչ ծեծ, ի՞նչ բան… շատ նորմալ գնում է ընտրությունների ընթացքը, ոչ մի նման բան չկա…»: Ճոյտի տղամարդկությունն ու «խիզախությունը» բռնում է մարդկանց ծեծելու ժամանակ, իսկ հետո նա կարող է, հազար կաշի փոխելով, չքմեղանալ, արդարանալ, սուտ երդումներ ուտել: Ահա ով է պրոլետարական գրականության հիմնադիր Հ. Հակոբյանի անուն-ազգանունն ունեցող պատգամավորության թեկնածուն, ով պատգամավոր եղած ժամանակ հասցրեց մի շարք տարածքներ ձեռք բերել, սեփական բիզնեսն ընդարձակել, «աքլորանալ» խորհրդարանի դահլիճում, իսկ միջանցքներից փախչել` տեսնելով իրեն հակադարձողներին:
Բայց այս ամենը չնչին մի բան է Ճոյտի կատարած գողությունների դիմաց, որոնք անգամ միջազգային «հռչակ» բերեցին նրան: Հիշում ենք, թե ինչպես 2005թ. նա իր որդու հետ Արաբական Միացյալ Էմիրություններում խանութից թանկարժեք զամշե պիջակներ էր գողացել: Այդ մասին գրեցին հայաստանյան գրեթե բոլոր թերթերը, իսկ Ճոյտի մտերիմները սկսեցին լուրեր տարածել, թե «Ինտերպոլը» շփոթվել է, թե «անմեղ Աստծո գառին» թյուրիմացաբար են տարել Էմիրաթների բանտ: Սակայն պարզվում է, որ հայոց խորհրդարանի «փառապանծ» պատգամավորը բանտում էլ է գողություն կատարել `  այս անգամ հարեւան խցից «թռցնելով» մի գորգ, որպեսզի իր խցում «կայֆոտ պայմաններ» ստեղծի: Հիշենք հենց Ճոյտի խոստովանությունն այդ մասին. «Մեր բանտերից որ շատ լավն էին: Մերը ոնց որ պիոներական լագեր ըլնի: Ընդեղ կանդիցիաներ կար, տելեվիզր կար, թերթ կար, հոտ-մոտ չկար: Միակ վատ բանն էն էր, որ լուսամուտ չկար, չէինք իմանում` ցերե՞կ ա, թե՞ գիշեր: Բայց գետնի, մետլաղի վրա էինք քնում: Ես էլ առաջի օրը տեսա` կողքի սենյակը սենց փոքր խալիներ կան: Բերի քցի տակս, ադյալը քաշի վրես ու քնա: Մի 2 հատ էլ գիրք կար` դրի գլխիս տակ: Մեկ էլ դրանց ղըլը-բըլը լսա, ասի` ի՞նչ ա, արա՛, ի՞նչ եք ուզում: Պարզվավ` էդ իրանց աղոթքի շորերն ա` ոտների տակ քցելու համար»:
ԱԺ-ն ժամանակին զրկել էր Ճոյտին մանդատից` նրա դեմ հարուցված քրեական գործի պատճառով: Իսկ քրեական գործը հարուցվել էր, քանի որ Ճոյտը գողություն էր կատարել Ռոբերտ Քոչարյանից. գողացել էր ահռելի քանակության գազ եւ թաքցրել հարկերը: Իհարկե, Հակոբյանին բանտ չնստեցրին` հավանաբար վախենալով, որ հիմա էլ մեր բանտերից գողություն կանի, այլ պարտադրեցին «մուծվել»` նրանից խլելով հարստության կեսից ավելին: Այդ կեսից ավելիի մեջ էր մտնում նաեւ «Ագրոբանկ»-ը:
Ժամանակին ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը միտումնաբար սնանկացրել էր «Արդշինբանկ»-ը, «Հայխնայբանկ»-ը, ապա «Ագրոբանկ»-ի մի հսկայական բաժնեմաս վաճառել Հակոբյանին, ով նշանակվել էր հիշյալ բանկի նախագահ` չունենալով բանկային գործին առնչություն եւ համապատասխան կրթություն: Ուշագրավն այն է, որ Հակոբյանի անգրագետ գործունեության եւ անսահման ախորժակի պատճառով «Ագրոբանկ»-ը սնանկացել էր, դրանից հետո արդեն սնանկացած բանկի նախագահը վարկ էր վերցրել ու գնել «Ագրոբանկ»-ը: Երեւի նման գործարքը պետք է ընդգրկել համաշխարհային անհեթեթությունների գրքում. միայն Հայաստանում կարող էին բացահայտ անգրագետ մեկին նշանակել բանկի նախագահ: Եւ եթե հայրենի իշխանությունները հետեւողական լինեին, ապա քրեական գործ կհարուցեին Ճոյտի դեմ` բանկը միտումնաբար սնանկացնելու մեղադրանքով: Սակայն իշխանությանը սպասարկուներ էին պետք, իսկ Ճոյտից լավ թեկնածու անհնար էր գտնել:
Ճոյտի «քաջագործությունների» ցանկն ընդլայնելու համար դարձյալ դիմենք մամուլի օգնությանը. ««Բետարդշին» գործարանն ունեցել է 2 խոշոր փայատեր` Արարատ Սարիբեկյանը` 51%, եւ Վարդան Մարգարյանը` 20% բաժնեմասերով: Հակոբյանն էլ է աչք  ունեցել այդ գործարանի վրա եւ ցանկացել վերցնել` մեծ շահույթներ ստանալու ակնկալիքով: «Հազարամյակի մարտահրավերներ»-ի ծրագրով նախատեսվում էր միլիոնավոր դոլար արժողության ջրային համակարգ կառուցել Արմավիրի մարզում, ինչը նշանակում էր, որ գործարանը հսկայական պատվերներ պետք է ստանար: Հակոբյանն, ի դեպ, ոռոգման բետոնե ջրագծերի անցկացման գործում այնքան հաջողակ էր, որ մարզում ջրագծերի շինարարության տենդերների մեծ մասն ինքն էր շահում: Եւ եթե կարողանար նաեւ «Բետարդշին»-ը վերցնել, ապա տենդերի իրականացման բոլոր փուլերում ինքն էր փող աշխատելու: Դեռ դատական գործընթացի փուլում անհասկանալի էր, թե ինչպես էր գործարանի` Արարատ Սարիբեկյանին պատկանող հսկիչ փաթեթը հայտնվել Ճոյտի ձեռքում, երբ դրա ձեռքբերման առաջնային իրավունքը, ըստ ընկերության կանոնադրության, պատկանում էր մյուս փայատերերին: Նրանցից Վարդան Մարգարյանին, սակայն, տեղյակ չէին պահել 51% փայաբաժնի վաճառքի մասին: Հետո անհասկանալի ձեւով Ճոյտը, արդեն որպես գործարանի 80%-ի սեփականատեր, մտել էր գործարան, իսկ հետո համոզել Մարգարյանին` մնացած 20%-ն էլ վաճառել իրեն, ինչից նա հրաժարվել էր: Այդ ժամանակ Ճոյտը որոշել էր դատարանի միջոցով վերցնել մնացած մասը եւ մտնելով դատարան` հասել էր նրան, որ արգելանք էր դրվել Մարգարյանին պատկանող բաժնեմասի վրա: Իսկ հիմնավորումն այն էր, թե նրա պատճառով հիմնարկը լավ չի աշխատել եւ ֆինանսական վնաս է հասցրել իրենց»:
Հազիվ թե գտնենք «մուտիլովկայի» եւ «գործ տալու» առավել դասական օրինակ, քան սա է: Այս մարդը նաեւ վարժվել է «քցել» ուրիշներին, նրանց ունեցվածքի տեր դառնալ` շանտաժով ու զրպարտություններով:
Ճոյտը հայտարարում է, թե հարազատ ՀՀԿ-ն կանգնած է իր թիկունքին: Սակայն այստեղ էլ է ստում. եթե կանգնած լիներ, ապա Սեդրակ Սարոյանին չէր աջակցի: Իսկ իրեն էլ չէր արգելի երեկ Արմավիրում ներկայանալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս