Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնությամբ մայրաքաղաքից զորակոչված ևս 104 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայությունում աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով իրականացվող ծրագրում այս անգամ ընդգրկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջաններից զորակոչվածները:
Կարևորելով նմանատիպ ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ վարչական մյուս շրջաններից զորակոչված զինծառայողների ծնողները ևս առաջիկայում հնարավորություն են ստանալու հանդիպել իրենց զավակներին. «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար պարոն Մովսես Հակոբյանը մեր կողմից տարեկան, առնվազն, երկու անգամ սահմանամերձ զորմասերում ծառայող երևանաբնակ զինվորների հետ իրենց ծնողների հանդիպումները կազմակերպելուն ի պատասխան, արդեն երկրորդ անգամ նախաձեռնում է Արցախում ծառայող մեր զինվորների այցը Երևան՝ հարազատ քաղաքում իրենց ծնողներին հանդիպելու նպատակով: Առաջին այցելության ժամանակ մայրաքաղաքի երեք՝ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններից զորակոչված զինվորները եկան և հանդիպեցին իրենց հարազատներին: Հասկանալի պատճառներով բոլորին միանգամից հնարավոր չէ բերել Երևան, ուստի, համաձայն նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածության, հանդիպումներն ըստ վարչական շրջանների ենք կազմակերպում: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ վստահեցնել մեր մյուս վարչական շրջանների այն ծնողներին, ովքեր դեռ չեն հանդիպել իրենց զավակներին, որ նրանք նույնպես այդ հնարավորությունը կունենան»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է բանակի, զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին և իր լիազորությունների չափով շարունակելու է ըստ ամենայնի աջակցել նրանց. «Այս հանդիպումները, համոզված եմ, ոչ միայն զուտ բարոյական նշանակություն ունեն, այլև, վստահաբար կարող ենք ասել, նպաստում են նաև մեր զինվորների մարտական ոգու բարձրացմանը, քանի որ նրանք մի հերթական անգամ համոզվում են, որ հարազատ քաղաքը, մենք բոլորս իրենց կողքին ենք: Ուզում եմ նաև հավաստիացնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մեր զինվորների և, ընդհանրապես, մեր բանակի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը եղել ու լինելու է շարունակական և մենք հետևողականորեն էլ ավելի ենք ամրապնդելու այդ կապերը»,- ընդգծել է քաղաքապետը:
Զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԼՂՀ պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք, ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն են ունեցել նաև դիտելու ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի կողմից պատրաստած «Բանակը մեր տունն է» ֆիլմը:
Այնուհետ ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի: Ողջունելով ներկաներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն արդյունավետ ու հաջողված է համարել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ու ԼՂՀ պաշտպանության նախարարությունների միջև հաստատված համագործակցությունը և ընդգծել, որ այն հնարավորություն է տալիս նախաձեռնելու սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր՝ ապահովելով երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն