Եթե ընտանեկան թեժ վեճից հետո ձեր տանը հայտնվի կառավարության լիազոր ներկայացուցիչն ու փորձի հաշտեցնել, ամենեւին էլ չզարմանաք. Հայաստանի կառավարությունը մտահոգված է իր քաղաքացիների ճակատագրով ու ամեն ինչ անելու է, որպեսզի կանխի ամուսնալուծությունները: Իսկ եթե, Աստված մի արասցե, որոշել եք ամուսնալուծվել` դիմելով ՔԿԱԳ (Զագս) կամ դատարան, հանկարծ հայտնվի կառավարության ներկայացուցիչը ու սկսի հարցուփորձ անել պատճառների մասին, դրանից էլ պետք չի զարմանալ. ՀՀ կառավարությունը որոշել է վերլուծել ամուսնալուծության պատճառները:
Իսկ այս միջոցառումներն իշխանությունները հավանաբար կանեն, քանի որ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բացահայտել է` Հայաստանում ավելացել են ամուսնալուծությունները եւ հարկավոր է շտապ բացահայտել պատճառները:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության երեկվա նիստում ներկայացնում էր ամուսնալուծության վկայականների համար լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու հարցը. բանն այն է, որ տարեսկզբին նախատեսվել է ձեռք բերել 3000 ամուսնալուծության վկայական, սակայն անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել դրանց քանակը: Վարչապետը Մանուկյանից հետաքրքրվեց. «Ամուսնալուծությունները շատացել են, հա՞՚:
Անակնկալի եկած Մանուկյանը շտապեց արդարանալ. «Սա մեր գործունեության արդյունքը չէ, խնդրում եմ որպես ցուցանիշ չդիտարկել»: «Ես չեմ ասում, ձեր գործունեության արդյունքն է, հակառակը` ամեն ինչ անենք, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը թող վերլուծություն անի, հասկանանք` խնդիրն ինչումն է»,- շարունակեց վարչապետը:
Ամուսնալուծությունների թիվը Հայաստանում նոր չի ավելացել. սա այն եզակի ոլորտներից է, որտեղ վերջին 6 տարվա ընթացքում «աճ» է գրանցվել. այդ թիվն անընդհատ աճել է: Ու զարմանալի է, որ Հովիկ Աբրահամյանն այս ամենը նոր է իմացել: Սակայն հետաքրքիր է` ինչ է լինելու առաջիկայում: Դժվար չէ կռահել, որ Աբրահամյանի հանձնարարականից հետո Արտեմ Ասատրյանի ղեկավարած Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ինչպիսի ջանասիրությամբ կփորձեր ձեռնամուխ լինել այդ աշխատանքներին:
Ի վերջո, սա հերթական առիթն է` փող աշխատելու համար. մի բան, որը Արտեմ Ասատրյանի եւ, ընդհանրապես, կառավարության անդամների մոտ ամենալավն է ստացվում: Նախարարությունն, ամենայն հավանականությամբ, հերթական միջազգային վարկը կվերցնի, եթե բախտներս բերի` կբավարարվի դրամաշնորհային ծրագրով` ամուսնալուծությունների պատճառներն ուսումնասիրելու համար: Նրանք մի քանի հարցում կանեն, կվերլուծեն արդյունքները, կամփոփեն դրանք զեկույցում: Բայց ամենակարեւորը` մեծ գումարներ կաշխատեն ճիշտ այնպես, ինչպես եղավ արտագաղթը կանխելու համար ԵՄ-ի հատկացված դրամաշնորհի դեպքում:
Օստապ Բենդերը` «Նաիրիտ»-ում
Մինչ Հովիկ Աբրահամյանը դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում էր ամուսնալուծությունների աճը, պարզվեց` շատ կարեւոր մեկ ամուսնալուծության մասին. հակառակ ձեռք բերված պայմանավորվածություններին, ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը կորցրել է հետաքրքրությունը Երեւանի «Նաիրիտ» գործարանի նկատմամբ. այդ մասին կառավարության շենքի մոտ իրենց 18 ամսվա աշխատավարձը վճարելու պահանջով բողոքի ակցիա անող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նրա խոսքերով` ռուսական ընկերությունը հայկական ձեռնարկության վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացրել: «Ռոսնեֆտը» խոստացել էր մինչեւ օգոստոսի վերջը ներկայացնել իր առաջարկությունները, սակայն դա չի արել: Բայց մենք հույսներս չպետք է կապենք միայն ռուսական ընկերության հետ», – ասել է նա` վստահեցնելով, թե կառավարությունն առաջարկություններ է մշակում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, որոնք կհրապարակվեն մինչեւ սեպտեմբերի կեսը:
Ամռանը Հովիկ Աբրահամյանը խոստացել էր խնդիրը լուծել մինչեւ օգոստոսի վերջ, իսկ հիմա` նոր վերջնաժամկետներ են նախանշում` հայտնի ֆիլմի հերոսի նման. «Միգուցե վաղը, իսկ միգուցե` վաղը չէ մյուս օրը»:
Այստեղ ամենաուշագրավը «Նաիրիտ»-ի ճակատագիրն է. բանն այն է, որ 2013 թվականի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ», «Պիրելի Տայր Ռուսիա» եւ «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները Երեւանում փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել` բութադիեն-ստիրոլային կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ: Այս տարվա փետրվարի 24-ին էլ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` Սոչի այցի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ պայմանավորվածություն էր ձեռքբերվել «Նաիրիտ»-ում «Ռոսնեֆտ»-ի կողմից 500 մլն դոլարի ներդրումներ կատարելու մասին:
Իշխանությունները դա ներկայացնում էին «դարի գործարք», որը վերջապես պետք է լուծեր «Նաիրիտ»-ի թնջուկը: Երկու օր անց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Իոսիֆ Իսայանն էր հայտարարել` Հայաստանը ռուսական ՙՌոսնեֆտ՚ ընկերության համար ՙՆաիրիտ՚ գործարանում ներդրումներ կատարելու լավ պայմաններ է ստեղծել, ընդ որում` դա կապված էր ՄՄ-ին ՀՀ անդամակցության հետ:
Ավելին` երբ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը Քառյակի իր գործընկերների հետ պնդում էր ՙՆաիրիտ՚-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու մասին, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր` այն կստեղծեն, բայց` «Նաիրիտ»-ի շուրջ բանակցությունների ավարտից հետո, որպեսզի չվանեն ներդրողներին:
Ավելի ուշ, երբ Աբրահամյանը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, ստիպված էր խոստովանել. «Հիմա երկու ամիս է` չենք կարողանում գտնենք` ով է սեփականատերը… 10 տոկոս պետությունն ա բաժնետերը, 90 տոկոս չգիտենք` ով է»: Հիմա, փաստորեն, հասել ենք մի վիճակի, երբ անգամ ռուսական «Ռոսնեֆտ»-ն է հրաժարվել «Նաիրիտ»-ի գործարքից: Իսկ այս իրավիճակն ավելի է հիմնավորում օր առաջ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը:
Արման Գալոյան