ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՇՈՏՅԱՆԸ ԵՐԵՍՈՎ ՏՎԵՑ ՈՒՍԱՆՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

 

Երեկ ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոստացվածի համաձայն, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին «հարցախեղդ» արեց՝ հետաքրքրվելով. «Ի՞նչ է կատարվում կրթության համակարգի հետ, իմ տպավորությամբ, դուք կրթության համակարգում ձեւավորել եք հանրապետական խմբակներ եւ քրեակատարողական հիմնարկների օրինակով այդ խմբերին գործադրում եք բուհերը ձեր վերահսկողության տակ պահելու համար»: Այս հարցուպատասխանն առավել հեռու գնաց: Նախարար Աշոտյանը ոչ միայն հիշեցրեց, որ կրթության համակարգը Հայաստանում ավելի քան ապաքաղաքականացված է եւ ուսխորհուրդն էլ ներողություն է խնդրել լրագրողներից, որոնց վիրավորել է, այլեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կրթական մակարդակը քննարկման առարկա սարքեց. «Ամենաքաղաքականացված ուսանողը ձեր խմբակցության անդամ հարգելի տիկին Լյուդմիլա Սարգսյանն է, ամենաընդդիմադիր խմբակցություններից մեկի միակ կին պատգամավորն է»: Հավելենք, որ Լյուդմիլա Սարգսյանը 2011-ին ընդունվել է Հյուսիսային համալսարան եւ մինչ օրս սովորում է ինֆորմատիկայի բաժնում: Մինչ այդ նա ուներ միջին մասնագիտական կրթություն:

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած հինգշաբթի օրը կայացած ՕԵԿ քաղխորհրդի նիստը վերածվել է «ռազբորկայի»: Լարվածությունը ստեղծվել է այն բանից հետո, երբ քաղխորհրդի նիստերի ժամանակ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ-ական նախարարներին իրենց պարտականություններից չբխող հանձնարարություններ է տվել, խոսել է բիզնեսների ընդլայնման, նոր բիզնեսների ստեղծման մասին, ինչը դուր չի եկել գործադիրի անդամներին: Եվ ահա վերջին քաղխորհրդի նիստի ժամանակ ՕԵԿ նախարարների համբերության բաժակը լցվել է, նրանք վիճաբանել են, հերթով լքել քաղխորհրդի նիստի դահլիճը: Սակայն ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ ասելով. «Առհասարակ, ՕԵԿ քաղխորհրդի նիստերի ժամանակ վեճեր չեն լինում, ՕԵԿ-ն այն եզակի քաղաքական ուժերից մեկն է, որը որոշումներ է ընդունում շատ առողջ մթնոլորտում»:

 

 

Փետրվարի 24-ին Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում իր տան մուտքի մոտ դանակի 6 ու հրազենի 3 հարվածից սպանված 47-ամյա գործարար Ստեպան Ճորոխյանի հարազատները հայտնվել են անօգնական վիճակում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանն ասաց, որ գործարարի հարազատները դիմել են հայ համայնքին՝ դագաղ գնելու համար գումար հատկացնելու խնդրանքով, սակայն համայնքի սանիկների մեծ մասը հրաժարվել է օգնել գործարարի ընտանիքին: Իսկ թե ինչու՝ Վաղարշ Մելքոնյանը չկարողացավ ասել. «Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ հարաբերություններ են ունեցել նրա հետ, ու ինչ խնդիր կա նրանց մեջ, որ չեն ցանկանում օգնել: Կամ գուցե հետո օգնեն»: Ըստ համայնքի ղեկավարի` գործարարը վերջին շրջանում ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել եւ միլիոնավոր թշնամիներ. «Աստված գիտի, թե ինչի համար են խփել: Բիզնեսմեն, խառը տղա էր: Կարծում եմ՝ դեպքը պայմանավորված էր իր գործունեության հետ, եւ այստեղ ազգայինի հարց չկա»:

 

շուկայում դեռ շարունակվում է ներկրված հավկիթի վաճառքը: Ըստ պաշտոնական տեղեկության` 2013-ին հանրապետություն է ներկրվել 17 մլն 476 հազար 483 հատ ձու: Այս տարվա երկու ամիսներին՝ 2014-ի հունվարի 1-ից մինչ փետրվարի 23-ը, ներկրվել է 2 մլն 282 հազար 400 հատ հավկիթ, որը թեեւ 2013-ի համեմատ քիչ է, սակայն միեւնույն է` մտահոգիչ թիվ է: Թվային այս տվյալները մտահոգում են հատկապես ՀՀ-ում ձու արտադրող ընկերությունների տնօրեններին, քանի որ առջեւում Սուրբ Զատկի տոնն է, եւ իրենց կողմից արտադրված ձուն ներկրվածի պատճառով այդքան էլ լավ չի վաճառվում: Բացի այս, ինչպես պնդում են մասնագետները, այսօր ձվի շուկայում ոչ միայն վաճառվում է ժամկետանց հավկիթ, այլեւ խախտվում են ե՛ւ արտադրողի, ե՛ւ սպառողի իրավունքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստեղծված մրցակցային անհավասար պայմանների պատճառով մի շարք գործարարներ պատրաստվում են դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` խնդրելով ուսումնասիրել ձվի շուկան:

 

 

 

 

 

 

 
ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ

Ինչպես հայտնի է` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները երկարամյա իշխանավարման ընթացքում ձեռք են բերել որոշակի հռետորական հմտություններ: Դրանք թույլ են տալիս այս կամ այն հարցի շուրջ երկարուբարակ ելույթներ ունենալ, որոնց թվացյալ խելացիության ներքո, սակայն, բացակայում է բովանդակությունը: Ասել է թե` կարկառուն ՀՀԿ-ականները դարձել են Չերչիլի չափորոշիչներով իսկական քաղաքական գործիչներ, քանի որ խոսում են` թաքցնելու համար իրենց մտքերը:
Այս գործընթացը, չնչին բացառություններով, կրկնվում է նաեւ Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ ընդդիմադիր գործիչների բարձրացրած շատ կոնկրետ հարցերին կառավարության անդամները փորձում են պատասխանել հնարավորինս ոչինչ չասող եւ լղոզված ձեւակերպումներով: Սակայն ինչպես երեկ պարզ դարձավ, հարցեր կան, որոնց դեպքում անգամ Նիկոլ Փաշինյանի ձեւակերպմամբ` «կռուտիտի ժանրում» հմտացած կառավարության անդամները ասելիք չեն գտնում:
Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը երեկ բարձրացրեց Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի հետ կապված «Ժողվուրդ» օրաթերթի լրագրողական հետաքննության բացահայտած աղաղակող ապօրինությունների մասին հարցը: Մասնավորապես այն, որ Որոտանի ՀԷԿ-ի գործարքով վաճառվել են նաեւ Սպանդարյանի եւ Տոլորսի ջրամբարները, որոնք «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով համարվում են պետական հատուկ նշանակության ջրային համակարգի մաս, նույն օրենքի 11-րդ հոդվածով պետական սեփականություն են եւ ենթակա չեն մասնավորեցման: «Այս օրենքներն այնքան հստակ են, ու այնքան ակնհայտ է ձեր կողմից օրենքների շրջանցումը, որ դուք պետական նշանակության, ռազմավարական, ամբարված ջրամբարները ձեւակերպել եք որպես գույք, տվել եք մասնավոր կազմակերպությանը, որն էլ այն վաճառքի է հանել որպես գույք: Ընդ որում, նույն գործընթացը կրկնել եք Ձորագետի հետ կապված: Հարց` ով է պատասխան տալու օրենքների խախտման համար»:
Պատգամավորի այս կոնկրետ հարցադրմանը, սակայն, կառավարությունը պատասխան չուներ: Այն աստիճան, որ անգամ որեւէ մեկը չհամարձակվեց մոտենալ ամբիոնին եւ արդյունքում՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց հարցը գրավոր ուղղել` գրավոր պատասխանի համար:
Բնականաբար` կառավարությունում երկար պիտի ջանան, գործի պիտի դնեն արդեն «կռուտիտի գրավոր ժանրի» բոլոր հմտությունները, սակայն ինչ էլ անեն` դժվար է լինելու կոծկել ռազմավարական նշանակության ջրային համակարգը մասնավորեցնելու աղաղակող, ակնհայտ ապօրինությունը, եթե չօգտագործենք` հանցագործություն բառը:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթն իհարկե ուրախ է, որ մեր հետաքննության արդյունքում ի հայտ եկած օրենքի խախտումների մասին հարցը հնչեցվեց Ազգային ժողովում: Սակայն կարծում ենք, որ լավ կլիներ, եթե Արամ Մանուկյանը հարցը բարձրացնելիս առավել ազնիվ գտնվեր եւ նշեր իր հարցի սկզբնաղբյուրի` «Ժողովուրդ» օրաթերթի անունը:




Լրահոս