«Ամենադժվարին պահերին և ներկայումս Հայաստանը շարունակում է կարևորել գիտության զարգացումը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Նախագահը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Վիկտոր Համբարձումյանի դերին գիտության զարգացման գործում, նշել, որ լինելով երիտասարդ պետություն՝ Հայաստանն ամենադժվարին պահերին էլ, ներկայումս էլ, շարունակում է կարևորել գիտության զարգացումը։

«Ահա արդեն երրորդ անգամն է, որ Հայաստանի գիտական աշխարհն իր մասին բարձրաձայնում է աշխարհի խոշորագույն գիտական մրցանակներից մեկի` Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությամբ: Արդեն երրորդ անգամն է, որ մենք հարգանքի տուրք ենք մատուցում խոշորագույն գիտնականների: Յուրաքանչյուր հայաստանցու համար ամենամեծ զգացողություններից է, երբ նա իր երկրով հպարտանալու ծանրակշիռ առիթներ ունի: Ակնհայտ է, որ երկրի զարգացման կարևորագույն չափորոշիչներ են ստեղծագործական արդյունքները, համարձակ նախաձեռնությունները, մտքի թռիչքը: Այսպիսի առիթներ են տալիս գիտությունը, արվեստը, ստեղծագործական աշխատանքը: Իհարկե, կան նաև այլ հանգամանքներ»,– ասել է նա:

Սերժ Սարգսյանը նշել է, որ սահմանելով Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ՝ «մենք լիովին գիտակցում էինք նրա հեղինակության կարևորությունը. բացի դրամական բաղադրիչից, մրցանակի արժեքն են նաև գիտական հանրության կողմից նրա ընդունումը, ճանաչված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ և իրենց արժանի տեղը կգտնեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին: Մրցանակի արժեքը լիովին կախված է մրցանակակիրների գիտական մակարդակից. որքան բարձրակարգ գիտնականներ են շահում մրցանակը, այնքան աճում է նրա նկատմամբ վստահությունն ու նրա միջազգային վարկը»:

«Ներկայացված աշխատանքների գիտական փորձաքննությունն ամբողջովին վստահված է միջազգային հանձնաժողովին, որի անդամներն են աշխարհահռչակ և, ակնհայտ է, միևնույն ժամանակ, խիստ անաչառ ու բծախնդիր գիտնականներ, որոնց որոշումից են կախված թե՛ տվյալ տարվա մրցանակակիրների ընտրությունը, թե՛ մրցանակի հեղինակության հետագա ամրապնդումը: Բավական է ասել, որ հանձնաժողովի անդամների թվում են Միջազգային աստղագիտական միության ներկայիս և նախորդ երկու նախագահները, Մեծ Բրիտանիայի Թագավորական ընկերության նախկին նախագահը և մի շարք ճանաչված այլ աստղագետներ»,– ասել է նա։

ՀՀ նախագահը նշել է, որ Վիկտոր Համբարձումյանը գիտության իսկական նվիրյալ էր: Նրա հանճարին գումարվում էր անսպառ աշխատասիրությունը, և այդ երկուսի ներդաշնակ համակցությունն էր, որ մեր ազգը զարդարեց 20-րդ դարի խոշորագույն գիտնականներից մեկով: «Նա ընդունում էր միայն բարձրակարգ գիտական աշխատանք և պահանջում էր թե՛ իրենից, թե՛ իր աշակերտներից ամենաբարձր արդյունքներ: Դրա շնորհիվ էր, որ Բյուրականի աստղադիտարանի փառքը կարճ ժամանակում տարածվեց ողջ աշխարհում, իսկ Հայաստանում կտրուկ վերելք ապրեցին ճշգրիտ գիտություններն ընդհանրապես»,– ասել Սերժ Սարգսյանը:

«Շատերը հարցնում են, թե այդ ինչպես է, որ աշխարհի մասշտաբներով փոքրիկ երկիր Հայաստանը սահմանել է այսպիսի խոշոր գիտական մրցանակ: Լինելով երիտասարդ պետություն՝ Հայաստանն ամենադժվարին պահերին էլ, ներկայումս էլ, շարունակում է կարևորել գիտության զարգացումը, շարունակում է իր ուրույն տեղն ունենալ գիտական աշխարհում: Այս ամենի հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, երիտասարդ կադրերի ներհոսք ապահովելու, և ընդհանրապես գիտության զարգացման ուղղությամբ մենք դեռևս շատ անելիքներ ունենք»,– նշել է նա:

Այնուհետև նա ասել է, որ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. դափնեկիրներ պրոֆեսոր Ֆելիքս Ահարոնյանը, պրոֆեսոր Իգոր Կարաչենցևը և պրոֆեսոր Բրենթ Թալին երեքն էլ աշխատում են ժամանակակից աստղագիտության ամենաառաջավոր ճակատում, երեքն էլ բազմաթիվ գիտական հայտնագործությունների հեղինակներ են: Նրա խոսքով՝ ներկայացված աշխատանքներն անցել են ամենախիստ և բծախնդիր գիտական փորձաքննություն և հանգամանորեն քննարկվել են միջազգային հանձնաժողովի կողմից:

«Հատկանշական է, որ երեք մրցանակակիրներն էլ որոշակի առնչություն ունեն հայկական աստղագիտության հետ. Ֆելիքս Ահարոնյանն իր գիտական մկրտությունը ստացել է Հայաստանում և բազմիցս հանդիպումներ ու գիտական քննարկումներ է ունեցել Վիկտոր Համբարձումյանի հետ: Իգոր Կարաչենցևը նույնպես իր գիտական գործունեությունը սկսել է Հայաստանում և Վիկտոր Համբարձումյանի աշակերտներից է: Բրենթ Թալին այն հազվագյուտ ամերիկյան գիտնականներից է, ով խորհրդային տարիներին այցելել է մեր երկիր, իսկ այսօրվա այցելության համար նա կտրելանցել է մեր մոլորակի գրեթե կեսը` Հավայան կղզիներից մինչև Հայաստան: Հուսով ենք, որ մրցանակները ստանալուց հետո էլ նրանք ավելի մեծ եռանդով կշարունակեն իրենց գիտական գործունեությունը՝ նպատակ ունենալով բարելավել աշխարհում կյանքը: Եթե գիտնականի նպատակը, գիտության նպատակն այս կարևորագույն խնդրի հետ չի համընկնում, ապա այդպիսի գիտությունը, թերևս, մարդկությանն այնքան էլ պետք չէ»,– ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:




Լրահոս