«Բենտոնիտ»-ը պարտքերի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի տարբեր հասցեներում գրանցված «Բելարթմի» եւ «Յումակս» ՍՊԸ-ները գումարի բռնագանձման պահանջով դատի են տվել «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին: Այս հայցերով դատական առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կայացել է հոկտեմբերի 1-ին: Հայցվոր ՍՊԸ-ները դատարանին միջնորդել են, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք դնել կոմբինատի գույքի եւ դրամական միջոցների վրա, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունները:

Նույն դատարանում շարունակվում է «Բենտոնիտ»-ի պարտքերին վերաբերող եւս մեկ դատավարություն: Հրազդանում գործող «Արջերմեկ» ՍՊԸ-ն 2014 թ. մարտին դատի է տվել «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին՝ դարձյալ գումարի բռնագանձման պահանջով: Սույն դատական գործով հերթական նիստը նշանակված է հոկտեմբերի 17-ին: «Արջերմեկ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Արաբյանից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ իրենց ընկերությունն Իջեւանի բենտոնիտ կոմբինատում ջերմամեկուսացման աշխատանքներ է կատարել, որոնք ավարտվել են 2013թ. սեպտեմբերին:

Նրա վկայությամբ՝ իրենք այդ աշխատանքների կանխավճարը ստացել են, սակայն հիմնական գումարը՝ ոչ: «Արջերմեկը» քաղաքացիական հայցով պահանջում է «Բենտոնիտ» ԲԲԸ-ից բռնագանձել 3.3 միլիոն դրամ: Հայկ Արաբյանն ասաց, որ իրենց պահանջով արգելք է դրվել ընկերության գույքի վրա: «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանը «Ժողովուրդի» հետ հեռախոսազրույցում չհայտնեց «Արջերմեկ» ՍՊԸ-ին իրենց ունեցած պարտքի չափը՝ համարելով դա առեւտրային գաղտնիք:

Երբեմնի հսկա գործարանը խրվել է պարտքերի մեջ, սակայն աշխատատեղերի ստեղծման, Ադրբեջանի հետ սահմանագոտու զարգացման մասին հաճախ խոսող Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները միջոցներ չեն ձեռնարկում «Բենտոնիտ»-ի խնդիրները պարզելու, հարկ եղած դեպքում՝ կոմբինատին պետական եւ այլ աջակցություն ցուցաբերելու համար:

Մինչդեռ «Բենտոնիտ»-ը մեծ նշանակություն ունի Իջեւանի տարածաշրջանի համար: Այն հիմնադրվել է 1967 թ.: Ձեռնարկության հենքի վրա ստեղծվել է Ազատամուտ բանվորական ավանը, որն այժմ գյուղի կարգավիճակ ունի: Նախկինում «Բենտոնիտ»-ի կոմբինատում աշխատում էին Ազատամուտի, Աչաջրի, Դիտավանի, Սարիգյուղի, Սեւքարի, Իջեւան քաղաքի հարյուրավոր բնակիչներ: Ադրբեջանի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակման հետեւանքով գործարանն անգործության էր մատնվել, աշխատել կարճ ժամկետներով` բենտոնիտի փոշու հերթական խմբաքանակի պատվերի դեպքում:

Կոմբինատի ներկայիս սեփականատերերը Ջավախքից բանաստեղծ Օքրո Օքրոյանի որդիներն են: Նրանց կողմից կոմբինատում վերակառուցման որոշ աշխատանքներ են կատարվել, նոր սարքավորումներով հոսքագիծ է գործարկվել: Սակայն, փաստորեն, այս անգամ էլ չի հաջողվում առանց խնդիրների գործարկել գործարանը:

Ոսկան Սարգսյան




Լրահոս