Գործարան չկա, շենք էլ չկա․ այն վերադարձվեց արդեն խոշորացված Նոյեմբերյան համայնքի հաշվեկշիռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոշորացված Նոյեմբերյանի համայնքի ավագանին 2017թ. հոկտեմբերի 30-ի նիստում, հիմք ընդունելով համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի առաջարկությունը, որոշեց անվավեր ճանաչել Ոսկեվան համայնքի ավագանու 2014թ. հոկտեմբերի 1-ի որոշումները, որոնցով համանուն գյուղում գտնվող խնամքի կենտրոնի շենքը եւ նույն տարածքում գտնվող 1900 քառակուսի մետր մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով տրամադրվել էին «Սլովակիա» ՍՊԸ-ին: Ի դեպ, խնամքի կենտրոնի շենքը պայմանագրով իբրեւ նվիրատվություն էր տրվել «Սլովակիա» ՍՊԸ-ին:

Դրա դիմաց վերը նշված ընկերությունը պարտավորվել էր մեկ տարվա ընթացքում 300 հազար եվրոյի ներդրում կատարել, վերանորոգված շենքում գարեջրի եւ հոնի օղու արտադրության գործարան գործարկել: Ենթադրվում էր, որ անհրաժեշտ ներդրումները ստացվելու էին Սլովակիայից: Նվիրատվություն հանձնված շենքը նորոգվել է, այնտեղ նաեւ նոր շենք է կառուցվել, ըստ «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Բարսեղյանի՝ շինարարության համար ծախսվել է 100 հազար եվրոյին համարժեք գումար: Պայմանագրով նախատեսված ժամկետը վաղուց անցել է, սակայն գործարանը չի գործարկվել:

2017թ. օգոստոսի 30-ին կայացած Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստում Ս. Բարսեղյանն առաջարկել է ամբուլատորիայի վերանորոգված շենքի տարածքը կադաստրային արժեքով վաճառել «Սլովակիա» ՍՊԸ-ին, սակայն ավագանին առաջարկը մերժել էր, ավագանին միաձայն որոշել էր «Սլովակիա» ՍՊԸ-ին առաջարկել մինչեւ 2017թ. հոկտեմբերի 5-ը ներկայացնել մինչեւ 2018թ. սեպտեմբերի 1-ը Ոսկեվանում գործարան գործարկելու ժամանակացույց, իսկ չներկայացնելու կամ ժամանակացույցը խախտելու դեպքում որոշվել էր լուծել ընկերության հետ նախկինում կնքված պայմանագիրը: Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք անցած ժամանակահատվածում նշված ժամանակացույց ներկայացվե՞լ է:

Աբազյանն ասաց, որ Ս. Բարսեղյանը չի ներկայացրել ժամանակացույցը՝ ասելով, որ դա առեւտրային գաղտնիք է: Նա համայնքի ղեկավարին հրավիրել է Ոսկեվան, որտեղ նշված շինությունում գարեջրի արտադրության սարքավորումների փոխարեն խորհրդային ժամանակների 20-25 կարի մեքենաներ են դրված եղել, որպեսզի այդտեղ կարի արտադրամաս գործարկեն: Ինչեւէ: Նոյեմեբերյան համայնքի՝ հոկտեմբերի 30-ի որոշմամբ իբրեւ գործարանի տարածք տրված շենքը վերադարձվեց արդեն խոշորացված Նոյեմբերյան համայնքի (Ոսկեվանը խոշորացված համայնքի մաս է կազմում) հաշվեկշիռ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս